Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, թե Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվող հարձակումների հետևանքով Թուրքիայի համբերությունը սպառվում է, և Ռուսաստանին մեղադրել է այդ նահանգի վրա հարձակումները դադարեցնելու համաձայնությունը չկատարելու մեջ: Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան անհրաժեշտ ամեն ինչ կանի, եթե այդ նահանգի ռմբահարումները չդադարեն:
Իդլիբը Սիրիայի ընդդիմության վերջին հենակետն է մնացել: Սիրիայի հակառակորդ կողմերին՝ կառավարությանը և ընդդիմությանն աջակցող Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնել էին միասին գործել Իդլիբում լարվածությունը թուլացնելու համար և ապառազմականացված գոտի ստեղծել:
Սակայն Ռուսաստանի աջակցությունը վայելող Բաշար ալ-Ասադի զորքերի հարձակումները վերջին շաբաթներին ակտիվացել են: Տասնյակ հազարավոր մարդիկ, լքելով իրենց տները, շարժվել են Թուրքիայի սահմանի ուղղությամբ:
Էրդողանը հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Ասադի զորքերը գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը Հալեպին կապող մայրուղու վրա ընկած, ռազմավարական նշանակություն ունեցող Մաարաթ ալ-Նուման քաղաքը: