Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր անվան հետ կապվող Yerevan.Today-ին տված հարցազրույցում գուժում է՝ այս տարի Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարանալու է, շարունակելով՝ բարձր է հավանականությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, իսկ իրեն էլ «հավանաբար, վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»։
Քոչարյանը, ում նախագահության ավարտին Երևանի կենտրոնում 10 մարդ գնդակահարվեց, հայտարարում է. - «Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձևավորված իշխանությունը՝ մնացել։ Խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են Ազգային ժողովից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին։ Կանցկացվե՞ն արդոք ընտրություններն արդեն այս տարի, կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից և, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում»։
Երկրորդ նախագահը եզրահանգում է. - «Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»։
Խորհրդարանում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ 2 տարի առաջ հայաստանյան հանրությունը համախմբվեց, որի արդյունքում էլ Ռոբերտ Քոչարյանը ներկայում ամենաարժանի վայրում է. - «Քանի դեռ հայ հասարակությունը համախմբված է, պարոն Քոչարյանին խորհուրդ կտամ շարունակել իր հեռուստաընկերությունների, իր մեդիաներկայացուցիչների հետ հարցազրուցներ տալ, որովհետև, ըստ էության, կարծում եմ, դեռ երկար տարիներ թերևս միակ բանը, որ նա կարող է անել, այդ հարցազրույցները տալ: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ լինի հասարակության կողմից, ես կարող եմ ասել, որ այդ պահանջի դեմ մենք, այս իշխանությունը, չենք ընդդիմանա: Մենք Ռոբերտ Քոչարյան չենք, մենք տանկեր չենք բերի Երևանի կենտրոն, մենք 10 քաղաքացիների սպանելու հրաման չենք տա, մենք ռեպրեսիաների չենք գնա, և մենք եկել ենք իշխանության ժողովրդի կամքով, իշխանությունից կգնանք ժողովրդի կամքով: Սա է միակ ճանապարհը, ինչը, ցավոք սրտի, ոչ այն ժամանակ, ոչ հիմա, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և իրենց այդ մնացորդներն այսօր, որ շարունակում են հենց այդ նուն հեռուստաընկերություններով խոսել, պարզապես դա չեն գիտակցում, և քանի դեռ իրենք դա չեն գիտակցում, շարունակելու են մնալ լուսանցքում և շարունակելու են իրենց ոչինչ չասող հայտարարությունները և հարցազրույցները տալ», - ասաց պատգամավորը:
Հարցազրույցի մի զգալի հատված նվիրված է երկրի տնտեսությանը, որի հիմնական դրույթը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման մասին կանխատեսումից զատ, թերևս, սա է. - «Տնտեսությունն իսկապես աճել է, բայց տնտեսագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամենևին ոչ 7,5%-ով: Ըստ Հ. Բագրատյանի՝ աճը կազմել է 3,5 տոկոս, ինչն ավելի նման է ճշմարտությանը։ Վիճակագրությունը կասկածի առիթ է տալիս, քանի որ տնտեսության աճը գործնականում չի ազդել երկրի քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի վրա: Բացի դա, տրանսպորտային փոխադրումների և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը տնտեսական աճի տրամաբանության հետ չի խոսում»։
Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հակադարձեց՝ տրանսպորտային փոխադրումների և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատման մասով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձել է նախկին վարչապետ Բագրատյանի ներկայացրածին, որոնք, ըստ Մանուկյանի, իրականության հետ կապ չունեն։
«7.5 տոկոս տնտեսական աճը ոչ միայն Վիճակագրական կոմիտեի կողմից այսպես հավաստիացված և ներկայացված վիճակագրություն է, այլ նաև մի շարք հեղինակավոր, այդ թվում նաև սկսած «Մուդիսից», վերջացրած նաև հունվարին հրապարակված Համաշխարհային բանկի նոր՝ 2020 թվականի զեկույցով, որով, ի դեպ, չափազանց մի կարևոր բան կա, որ կառավարությունն ամրագրել էր 4.9 տոկոս տնտեսական աճ 2020-ի համար, բայց Համաշխարհային բանկի կանխատեսումներն էլ ավելի լավատեսական են, և 5.1 տոկոս է ակնկալվում 2020-ին: Մենք, իհարկե, կարող ենք խոսել, որ այս կամ այն վիճակագրությունն իր մեջ անճշտություն է պարունակում, թե ոչ, բայց այնուհանդերձ այս վիճակագրությունը հաստատվում է ոչ միայն տեղական վիճակագրության, այլ նաև միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից», - ասաց Մանուկյանը:
Հարցին՝ ինչո՞ւ մարդկանց կենսամակարդակի վրա չի ազդում, պատգամավորը պատասխանեց. - «Կենսամակարդակի առումով նախ երբ խոսում ենք, մենք՝ որպես տնտեսագետ, չափազանց կարևոր է, որ վեկտորը հասկանանք և եթե հասկանում ենք՝ ինչ ունենք, մենք ունենք հիվանդ, ըստ էության, տնտեսություն, և 2018-2019թթ. փորձ է կատարվել առողջացման միտումներ հաղորդել, օրինակ՝ նվազագույն աշխատավարձի փոփոխությունը, կենսաթոշակների 10 տոկոսանոց աճը ուղղակիորեն հենց հասցեական կարծում եմ, որ ցցուն փոփոխություններ են, որը չնկատել անհնար է, ես դեռ չեմ խոսում, որ պաշտպանական բնագավառը ևս էական ձեռքբերումներ ունի»: