Զուրաբիշվիլին Մոսկվայից պահանջել է փոխհատուցում վճարել 2006-ին արտաքսված Վրաստանի քաղաքացիներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, 28-ը հունարի, 2020թ.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում՝ Մոսկվայից պահանջել է փոխհատուցում վճարել 2006 թվականին արտաքսված Վրաստանի 15 հազար քաղաքացիներին։

«Վրաստանն այդ գործը շահել է 2014 թվականին։ 2019-ի հունվարին Գերագույն պալատը որոշեց, որ Վրաստանի քաղաքացիներին պետք է 10 միլիոն եվրո փոխհատուցում տրամադրվի, սակայն Ռուսաստանն անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և չի կատարում փոխհատուցում վճարելու իր պարտականությունը։ Ես ստիպված եմ կրկնել մեր կառավարության կոչն այս կազմակերպությանը և նրա անդամներին և հորդորել՝ ճնշում գործադրել Ռուսաստանի իշխանության մարմինների վրա, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պարտականությունը և փոխհատուցում վճարի զանգվածային վտարումների զոհերին առանց հետագա ձգձգումների», - հայտարարել է Վրաստանի նախագահը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019-ի սկզբին որոշել էր, որ Մոսկվան 10 միլիոն եվրո փոխհատուցում պետք է վճարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ արտասահմանցիների զանգվածային վտարումն արգելող հոդվածի դրույթները խախտելու համար։

Ըստ այդ վճռի, Ռուսաստանից վտարված Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացուն 2000 եվրո էր հասնում, իսկ այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ եվրոպական կոնվենցիայի այլ դրույթներ ևս խախտվել էին, մասնավորապես, անօրինականորեն զրկվել էին ազատությունից, կալանքի տակ պահվել, ենթարկվել անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, նրանցից յուրաքանչյուրին, ըստ Եվրոպական դատարանի վճռի, Ռուսաստանը պետք է վճարեր 10 հազարից 15 հազար եվրո։

2007 թվականին Եվրոպական դատարան դիմած հայցով Վրաստանը պահանջել էր տուժող ճանաչել 4600-ից ավելի քաղաքացիների և պահանջել էր ավելի քան 70 միլիոն եվրոյի փոխհատուցում։ Բայց Եվրոպական դատարանը կրճատել էր թե՛ տուժողների թիվը, թե՛ պահանջվող գումարի չափը։

Թբիլիսին պնդում էր, որ 2006 թվականին Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսումը Մոսկվայի պատասխանն էր Վրաստանում ռուսաստանցի 4 սպաների ձերբակալության, որոնք մեղադրվում էին լրտեսության մեջ։

Վրացական կողմի տվյալներով՝ 2006-ի սեպտեմբերից մինչև 2007-ի հունվարի վերջը Ռուսաստանի իշխանությունները 4600 հրամաններ, կարգադրություններ են տվել վրացիներին հարկադրաբար արտաքսելու մասին, ավելի քան 2500 մարդու ազատազրկել էին, հետո արտաքսել։

Մոսկվան հերքում էր Թբիլիսիի մեղադրանքներն՝ իր գործողությունները պատճառաբանելով անօրինական միգրացիայի դեմ պայքարով։