Միացյալ Նահանգների նախագահը, ինչպես և սպասվում էր, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ հայտարարեց պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման իր ծրագրի մասին: Դոնալդ Թրամփը հանդես եկավ ի պաշտպանություն Պաղեստինյան պետության ստեղծման, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմում, բայց միևնույն ժամանակ նշեց, որ Երուսաղեմը կմնա Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաքը:
ԱՄՆ նախագահը պաղեստինցիներին խոստացավ տարածքի կրկնապատկում, բայց միևնույն ժամանակ Իսրայելին մեծ բնակավայրեր թողեց Հորդանան գետի Արևմտյան ափին: Պաղեստինի կողմից Իսրայելը ճանաչելու դիմաց Իսրայելը խոստանում է չորս տարի նոր բնակավայրեր չկառուցել: Բացի այդ, Թրամփը շատ ներդրումներ խոստացավ Պաղեստինում: Նա իր պլանը անվանել է Պաղեստինի համար «վերջին հնարավորություն»:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը պատասխանել է, թե «Երուսաղեմը չի վաճառվում», իսկ Թրամփի և Նեթանյահուի գործարքը պետք է գնա « ուղիղ պատմության աղբարկղը»: Աբբասը շեշտել է, որ պաղեստինցիները պատրաստ են բանակցությունների, բայց ոչ ԱՄՆ-ի հետ և ոչ Թրամփի ծրագրի հիման վրա, այլ ողջ Մերձավոր Արևելքի քառյակի հետ:
Պաղեստինցիները շարունակում են պնդել իրենց պետության ճանաչումը 1967-ի սահմաններով, Իսրայելը կտրականապես դեմ է դրան: