Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, երաշխավորել խոսքի ազատությունն ու իրական քայլեր ձեռնարկել այս ոլորտում Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններն իրագործելու համար, արձանագրել է այսօր ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը՝ «Եվրոպայում լրագրողների և լրատվամիջոցների ազատությանը սպառնացող վտանգների» մասին:
Մանրամասն անդրադառնալով Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ փաստաթուղթն արձանագրել է՝ Ադրբեջանը անկախ լրագրողների համար ամենաթշնամական երկրների շարքում է. անցած տարիներին այդ երկրում շուրջ երկու տասնյակ լրագրող քրեական հետապնդման է ենթարկվել, մի քանիսն այսօր էլ շարունակում են մնալ ճաղերի ետևում:
Հետապնդելով ընդդիմախոսներին՝ պաշտոնական Բաքուն միաժամանակ անվճար բնակարաններ է տրամադրել կառավարամետ ավելի քան 400 լրագրողների, ինչը «կոռուպցիայի ակնհայտ դրսևորում» է, նշված է զեկույցում:
Վաղն էլ Վեհաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանին քննադատող մեկ այլ փաստաթուղթ՝ երկրում առկա քաղբանտարկյալների մասին: