Կորոնավիրուսի բռնկման վայրից՝ Չինաստանի Հուբեյ նահանգից մոտ 750 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սուջո քաղաքում ապրող Դավիթ Առաքելյանը պատմում է, որ արդեն 5 օր տանից գրեթե դուրս չեն եկել, իսկ եթե դուրս են եկել, ապա՝ բացառապես դիմակով։
Կնոջ և մանկահասակ երեխայի հետ Չինաստանում բնակվող մեր զրուցակիցը հեռախոսով նկարահանել է խանութներն ու պատմում, որ մարդիկ վիրուսից խուսափելու համար գնում են միայն փակ տուփերով սնունդ՝ զգուշանալով կենդանական ծագման մթերքներից։
«Ամեն ինչ փակ է, մարդիկ դիմակներով են, մեքենաները՝ շատ քիչ։ Մեր թաղամասը երեք տարվա մեջ այսպես դատարկ չեմ տեսել երբեք», - պատմում է Դավիթը։ - «Մենք արդեն հինգ օր է տանից դուրս չենք եկել։ Փորձում ենք սնվել միայն փակ տուփերով սնունդով կամ բանջարեղերով՝ լավ եփված վիճակում։ Միս, մսամթերք, ձկնամթերք չենք օգտագործում։ Բնականաբար հաճախ լվացվում ենք, դիմակով ենք դուրս գալիս, եթե կա դուրս գալու կարիք»։
Առաքլեյանը պատմում է, որ թոքերն ախտահարող կորոնավիրուսից խուսափելու համար, մարդիկ միայն փակ տուփերով սնունդ են գնում՝ զգուշանալով կենդանական ծագման մթերքներից։
Մեր զրուցակիցը իր հեռախոսով նկարահանել է իրենց բնակավայրին ամենամոտը գտնվող սուպերմարկետը՝ ցույց տալով բանջարեղենի ու փակ տուփերով սննդի դատարկ բաժինները. - «Բոլորը գնում են շատ մեծ քանակիև փակ տուփերով բրինձ, որպեսզի կարողանան մի քանի օր տնից դուրս չգալ։ Առայժմ պանիկա չկա, բայց բոլոր բիզնեսները, խանութները փակ են։ Նաև դա կապված է չինական Նոր տարու հետ, բայց տոնական արձակուրդները դպրոցներում և մանկապարտեզներում, և առհասարակ մեծ մաս բիզնեսներում երկարաձգվում են համաճարակի պատճառով, անհայտ ժամանակով։ Չգիտենք երբ կվերադառնանք աշխատանքի»։
Հայաստանի առողջապահության նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, ըստ որի, թեև Հայաստանում այս շնչառական վիրուսի ռիսկը ցածր է, բայց և այդպես հորդորում են առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց։ Նույն հորդորով քաղաքացիներին է դիմել նաև Արտաքին գործերի նախարարությունը՝ առաջարկելով Չինաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և Արտաքին գործերի նախարարության հետ։
Ըստ Առողջապահության նախարարության, վիրուսով վարակված լինելու նախնական ախտանշաններն են՝ հազը, տենդն ու դժվարացած շնչառությունը: Ինկուբացիոն շրջանը, ըստ մասնագետների, 14 օր է: Ախտանշանների առկայության դեպքում նախարարությունը հորդորում է անհապաղ դիմել բուժօգնության, խուսափել բազմամարդ միջոցառումներից, պահպանել հիգիենայի կանոնները։
Իսկ ահա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ արգելել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից Հայաստան՝ կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով։
Թեև Հայաստան - Չինաստան և հակառակ ուղղություններով չվերթների արգելք Հայաստանը չի դրել, այդուհանդերձ հագուստի բիզնեսով զբաղվող մի խումբ քաղաքացիներ չեղարկել են իրենց այցերը Չինաստան։
Պատմում է խմբի անդամներից Լուսինե Բեգլարյանը. - «Պատրաստվում է գնալ Չինաստան մարտի 14-ին, բայց էս իրավիճակը տեսնելով՝ տոմսը հետ եմ տվել։ Հինգ հոգով պետք է գնայինք, բոլորս հետ տվեցինք տոմսերը»։
Ըստ պաշտոնական տեղեկությունների, Չինաստանում նոր շնչառական այս վիրուսից արդեն 100-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ երկրում վարակվածների թիվը անցնում է 4500-ը:
Այս վիրուսով հաստատված մեկ դեպք է գրանցվել Ուկրաինիայում։ Վարակի տարածման առաջին դեպքերն են արձանագրվել նաև երկրից դուրս. Գերմանիայում և Ճապոնիայում հիվանդներն այլ մարդկանց են վարակել։