Նախարար. Օրերս հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը ծանր կայուն է

Հունվարի 24-ին Պաշտպանության բանակի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը վիրահատությունից հետո գտնվում է վերահսկողության տակ: Այս մասին լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա նշեց, որ 19-ամյա զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Նշենք, որ միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել նաև ՊԲ այլ զինծառայող, 20-ամյա Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Հարցին, թե վերջին միջադեպերով ծառայողական քննություններն ավարտվե՞լ են, պաշտպանության նախարարը պատասխանեց. - «Ծառայողական քննություններն անմիջապես սկսվում են Զինված ուժերում, բայց դա նաև զուգորդվում է նախաքննության գործընթացով: Ծառայողական քննությունը դա մեր ներքին քննություններն են, իսկ քանի որ նախաքննությունը ծանր դեպքերով իրականացվում է Քննչական կոմիտեի կողմից դատախազության վերահսկողության ներքո, զուգահեռ այդ գործընթացներն ընթանում են, և ավել բան չեմ կարող ասել»:

Դավիթ Տոնոյանը հավելեց՝ հրամանատարական կազմին պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը կարգապահական տույժի են ենթարկում, և նախաքննության արդյունքում է պարզվում, թե կոնկրետ դեպքում նրանց մեղավորությունը կա, թե ոչ:

Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: