Թմրանյութերի գործով դատապարտված Իսրայելի քաղաքացին ներման խնդրանքով դիմել է Պուտինին

Ռուսաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտված Իսրայելի քաղաքացի Նաամա Իսահարին ներման խնդրանքով, այնուամենայնիվ դիմել է Վլադիմիր Պուտինին: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Իսահարիի փաստաբանները:

Ավելի վաղ իսրայելցի երիտասարդ կինը հայտարարել էր, թե հրաժարվում է ներում խնդրել՝ պնդելով, թե նրա մայրը և Իսրայելի ղեկավարությունը արդեն դիմել են Պուտինին, և դա բավարար է: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, հակադարձել էր, թե Իսահարի անձնական խնդրանքի բացակայությունը դանդաղեցնում է գործընթացը. - «Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ներման համար անհրաժեշտ է անձամբ դիմել երկրի նախագահին», - ասել էր Պեսկովը՝ հավելելով, թե պետք է հետևել ռուսաստանյան օրենսդրությանը:

Անցած տարի հոկտեմբերին ՌԴ դատարանը Նաամա Իսահարին դատապարտել էր յութուկես տարվա ազատազրկման: Մարտի 25-ին իսրայելցի այս կինը Հնդկաստանից Թել Ավիվ էր թռչում, Մոսկվայի «Շերեմետյեվո» օդանավում նրա ուղեբեռում հայտնաբերվել էր 9.5 գրամ հաշիշ: Երիտասարդ կինը խոստովանել է՝ թմրանյութն իր անձնական օգտագործման համար է, և կտրականապես մերժել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրանքը: Կինը պնդել է նաև, թե Ռուսաստանի սահմանն ըստ էության չի հատել և տրանզիտային գոտում էր, բացի այդ, այդ հաշիշն ուղեբեռում էր, և որ Իսրայելում հաշիշն արգելված չէ: Նրա ճակատագիրը հայտնվել է ռուս-իսրայելական բանակցությունների օրակարգում: Ռուսաստանն առաջարկել էր նրան փոխարինել ռուս հաքեր Ալեքսեյ Բուռկովի հետ, ով ձերբակալվել էր Իսրայելում Միացյալ Նահանգների պահանջով: Բուռկովին, սակայն, Իսրայելն արդեն հանձնել էր ԱՄՆ-ին, և այդ փոխանակումը չէր կարող տեղի ունենալ:

Հունվարի 23-ին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի կառավարությունը Ռուսաստանին է հանձնել Երուսաղեմում գտնվող «Ալեքսանդրյան արքունիքի» սեփականության իրավունքը Իսահարին ներում շնորհելու դիմաց:

Վլադիմիր Պուտինը հունվարի 23-ին, հիշեցնենք, Իսրայելում էր, որտեղ հանդիպել էր նաև Նաամիի մոր հետ և խոստացել էր օգնել: Նաամի Իսահարի համար Պուտինին դիմել էր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Անցած տարվանից Իսրայելում իսկական հասարակական արշավ էր սկսվել Իսահարի պաշտպանության համար: Արշավի մասնակիցները մեղադրում էին Ռուսաստանի իշխանություններին իրենց երկրի քաղաքացուն որպես պատանդ պահելու համար: