Հիբրիդային հեղաշրջման փորձի ողնաշարը կոտրված է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ, 25-ը հունվարի, 2020թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումը, թե հեղաշրջման փորձ է նախապատրաստվել:

Թեև հոդվածում նշվում էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը, վարչապետը կոնկրետ անուններ չտվեց` միայն նշելով, որ գործընթացում ներգրավված են եղել դատական համակարգի ներկայացուցիչներ, Սահմանադրական դատարանը «օկուպացրած» պաշտոնյաներ, կրիմինալ շրջանակներ:

«Գիտեք, օրինակ, հեղաշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ և այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում շատ լուրջ փոփոխություններ են կրում։ Օրինակ, ժամանակակից աշխարհում կա տերմին՝ հիբրիդային պատերազմ, որի ամբողջ իմաստը էն է, որ ինքը իրականում պատերազմ ընթանում է, բայց էդ պատերազմը ոչ մեկ չեն նկատում, և իրականում պատերազմ էն պարամետրերով չկա», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Եթե էդպես ձևակերպենք, կարող ենք նաև դա անվանել հիբրիդային, հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ, հիբրիդային նախապատրաստություններ, և հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև այդ պրոցեսը լիարժեք և վերջնականորեն պարտված է և ջախջախված»։

Պարզաբանելով, թե ինչ ի նկատի ունի հիբրիդային պրոցեսներ ասելով, Փաշինյանը մանրամասնեց․ - «Օրինակ, էդ պրոցեսի անբաժանելի մաս է այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով Հայաստանի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար։ Եվ ընդ որում, դա արվում է՝ ներգրավելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի, և ինչո՞ւ հեղաշրջում բառը էս պրոցեսի մեջ տեղավորվում է՝ որովհետև հընթացս էդ պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք, լինելով իշխանության ներսում, գործում են ընդդեմ իշխանության։ Եվ ընդ որում, գործում են, դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դրա մեջ ներգրավված են լինում դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ, ընդ որում՝ մի ժամանակ կար, որ ես մտածում էի, որ ողջ դատական համակարգն է ներգրավված էդ պրոցեսի մեջ, բայց փառք Աստծո, ժամանակը ցույց տվեց, որ ոչ, ամենևին էդպես չի, ընդամենը առանձին փոքր խմբեր դատական համակարգի, Սահմանադրական դատարանը՝ կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ, որոնք փորձել են Սահմանադրական դատարանի մյուս անդամներին նույնպես ներգրավել էդ պրոցեսի մեջ, բայց ես ուրախ եմ արձանագրել, որ կարծես թե ՍԴ անդամների 80 տոկոսը այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել»։

«Հիմա մենակ չասեք ինձ՝ տվեք անուններ, որովհետև ես տվեցի անուններ, ես տվեցի անուններ, ուղղակի թույլ տվեք ինձ կոնկրետ անուն-ազգանուններ արտասանելու տհաճությունից ազատել», - նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամիսներ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը ամբողջությամբ չեզոքացրել են սպառնալիքը: