Առնվազն 20 զոհ, 1000-ից ավելի վիրավորներ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով

Թուրքիա - Երկրաշարժի հետևանքով փլուզված շենք Էլազիգում, 24-ը հունվարի, 2020թ․

Թուրքիայի Էլազիգ նահանգում երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ավելի քան 1015-ը մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 21:55 (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 17:55), հյուսիսային լայնության 38.37 աստիճան և արևելյան երկայնության 39.22 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Էլազիգ (նախկին Խարբերդ) քաղաքից 33 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալլ, ասված է նախարարության հաղորդագրությունում։