Վերաքննիչ դատարանը բավարարել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի ներկայացրած բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ապօրինի է ճանաչել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային խոսակցությունները վերծանելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

2019-ին օրաթերթը հրապարակեց Մարտի 1-ի գործով պաշտոնատար անձանց ցուցմունքները։ Քնար Մանուկյանը պատմում է՝ նախաքննական մարմինն իրեն հրավիրում էր հարցաքննությունների, նպատակը մեկն էր՝ բացահայտել աղբյուրը, թե ով է նրան փոխանցել այդ ցուցմունքները։ Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչը Մանուկյանին ասել է, որ դիմել է դատարան՝ լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները ստանալու համար, որը դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր։

«Վերծանումները ստանալուց հետո՝ քննիչ Վազգեն Ավետիսյանն ինձ հրավիրում է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, և ասում է՝ «մենք ստացել ենք Ձեր հեռախոսային խոսակցությունների վերծանումները», - կոնկրետ ժամանակահատված էին ընտրել, մեկուկես ամսվա ժամանակահատված էր, - «խնդրում ենք հայտնել այս երկու անձանցից ովքե՞ր են տվել Ձեզ Մարտի 1-ի գործով ցուցմունքները»։

Լրագրողը հրաժարվել է բացահայտել աղբյուրը։ Եվ իր իրավունքները պաշտպանելու համար, դատարանի այդ որոշումը բողոքարկել է Վերաքննիչում, որն էլ այսօր բավարարեց բողոքը։
Մանուկյանը կարծում է՝ սա իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու խայտառակ դրսևորում է։

«Նախաքննական մարմինը տեսնելով, որ ես աղբյուր չեմ բացահայտում, ինքն այդ ճանապարհն է ընտրում, այսինքն ամեն կերպ փորձելով իմ մասնագիտական գործունեությունը վտանգի տակ դնել։ Պատկերացրեք մի լրագրող, որ օրվա ընթացքում բազմաթիվ ինֆորմացիաների կարող է տիրապետել, նույնիսկ մենք 2019 թվականին հայտարարությամբ հանդես եկանք, որ «նախաքննական մարմիններ ընդհանուր, դադարեցրեք ձեր գործելաոճը, որովհետև արդեն իսկապես մենք նյութ ենք գրում՝ մտածելով, որ գալու են ասեն ձեր աղբյուրն ասեք՝ ովքեր են, գնացեք, զբաղվեք ձեր գործով», եթե մենք սխալ բան ենք հրապարակում, դա ուրիշ բան է, որ լրագրողին պատասխանատվության ենթարկեն, բայց մենք փաստն ենք արձանագրում», - ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Ամանորին ընդառաջ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, Մանուկյանը իրավիճակը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով էլ ասել է՝ ամեն ինչ օրինականության դաշտում է, պատասխանատվություն կկրի նա, ով մեղավոր է։

«Պատասխանատուները միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն խաչատրյանն են։ Այս նենգ ճանապարհով գնալ և փորձել այս նենգ ճանապարհով աղբյուր բացահայտել, կային ապացույցներ ձեռք բերելու այլ մեթոդներ, դատարանում էլ այդ մասին հայտարարվեց», - նշեց Քնար Մանուկյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատության» հետ զրույցում դրական գնահատեց վերաքննիչի որոշումը։ Հավելեց նաև. «Առաջին անգամ չի, երբ լրագրողների աղբյուրների գաղտնիության սկզբունքի նկատմամբ ոտնձգություն է կատարվում, և դա միանշանակ մտահոգություն է առաջացնում։ Երկրորդ խնդիրն այստեղ այն է, որ նախաքննության մարմինները չկարողանալով բավարար պրոֆեսիոնալ մակարդակով ապահովել գաղտնիությունը որոշ տվյալների, փորձում են իրենց պատասխանատվությունը գցել լրագրողների և լրատվամիջոցների վրա, դա նույնպես մտահոգիչ է՝ հաշվի առնելով՝ ինչպիսի կարևոր նախաքննության գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում»։