ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմայի իշխանությունից պահանջել է անհապաղ ձեռնարկել ռոհինջա մահմեդականների պաշտպանությանն ուղղված միջոցներ և չփորձել վերացնել այդ բնակիչներին հալածելու մասին վկայող իրեղեն ապացույցները:
Հայցը Հաագայում տեղակայված միջազգային դատարանում քննվում է Գամբիայի պահանջով:
«Դատարանը հաշվի է առնում Մյանմայում փաստահավաք առաքելության կազմած մանրամասն նյութերը, որոնք 2019 թվականի սեպտեմբերին փոխանցվել են Մարդու իրավունքների խորհրդին: Այդ նյութերն ահազանգում են Ցեղասպանության կոնվենցիան խախտելու վտանգի մասին: Կա հիմնավոր մտահոգություն առ այն, որ ռոհինջա ժողովրդին ցեղասպանություն է սպառնում»,- ասել է Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Աբդուլքալի Յուսուֆը:
Այս դատավարությունը կարող է տարիներ տևել: 2017 թվականին ավելի քան 730 հազար ռոհինջա մահմեդականներ զինվորականների կողմից հալածանքների և բռնությունների ենթարկվելուց հետո փախուստի են դիմել Մյանմայից:
ՄԱԿ-ի քննիչները հայտարարել են, որ Մյանմայի բանակի գործողություններին բնորոշ են ցեղասպանություն կատարելու տարրեր: Մյանման հերքում է մեղադրանքը: