Ոստիկանությունն ահազանգ է ստացել Երևանի կենտրոնում՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։
«Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։
Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 14.40-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում զինված անձ կա։
«Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ պատանդներ չկան. - «Ընդամենը ասում եմ, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է, որևէ խնդիր չկա: Հանգամանքները կպարզվեն, լրացուցիչ կտեղեկացնենք», - ասաց նա:
Աշոտ Ահարոնյանը նաև փոխանցեց, որ այս պահին ներսում գտնվողներն անվտանգության մեջ են:
Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դժվարացավ ասել՝ գրասենյակին առնչվում է արդյոք միջադեպը, ընդգծելով, որ «Էրեբունի Պլազա»-ում գործում են բազմաթիվ հիմնարկներ։
«Ենթադրում եմ, որ իրավապահ մարմինները կտան հաղորդագրություն», - լրագրողների հետ զրույցում նշեց Սողոմոնյանը՝ շարունակելով. - «Երբ որ կլինի իրադարձությունների նկարագիր, և այդտեղից ես կկարողանամ պարզել, թե որքանով է այս իրադարձությունը առնչվում մեր գրասենյակին, որը, նորից եմ կրկնում, այս բիզնես կենտրոնի բազմաթիվ հիմնարկներից մեկն է, եթե մեզ առնչվում է, ես անպայման ձեզ տեղեկություններ կհայտնեմ կամ կմեկնաբանեմ»։
«Էրեբունի Պլազա»-ի հարակից շենքում տեղակայված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Ազատության» աղբյուրը տեղեկացրեց, որ գրասենյակի հիմնական աշխատակազմին և հյուրերին տարհանել են։
Ավելի ուշ ՄԱԿ-ի հաղորդակցությունների բաժնի համակարգող Մարիամ Ալիխանովան «Ազատությանը» փոխանցեց. - «Դեպքից հետո մեզ էլ տեղեկացվել է այդ մասին, գործել են ՄԱԿ-ի անվտանգության ստանդարտ միջոցառումները, աշխատակազմը և հյուրերը տարհանվել են, այդ ամենը իրականացվել է Ոստկանության հետ կոորդիանացիայով: Դեռ գործում է անվտանգության միջոցառումների ռեժիմը»: