Վլադիմիր Պուտինը Իսրայել այցի ընթացքում վաղը հանդիպելու է Ռուսաստանում թմրանյութերի գործով դատապարտված Նաամա Իսահարի մոր հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը վաղը մասնակցելու է Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին։ Նաամա Իսահարի մոր հետ հանդիպումը տեղի կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Ռուսաստանի նախագահի բանակցություններից հետո։ Հանդիպմանը մասնակցելու է նաև Երուսաղեմի և Համայն Պաղեստինի պատիրաք Թեոֆիլիոս երրորդը։
Ավելի վաղ Նաամա Իսահարին ազատ արձակելու խնդրանքով Պուտինին էին դիմել Իսրայելի վարչապետն ու նախագահը։
Իսրայելի քաղաքացին կալանավորվել է 2019 թվականի ապրիլին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ Դելիից Թել Ավիվ թռչելիս։ Երիտասարդ կնոջ պայուսակում հայտնաբերվել էր մոտ 10 գրամ հաշիշ։ Իսրայելցի կինը հերքում է թմրանյութերի վաճառքում իկր ներգրավվածությունը և պնդում, թե հայտնաբերվածը պարզապես իր անձնական օգտագործման հաշիշն էր։ Խիմկիի քաղաքային դատարանը, այդուհանդերձ, նրան մեղավոր է ճանաչել թմրանյութերի մաքսանենգության և օգտագործման մեջ ու դատապարտել 7,5 տարվա ազատազրկման։
Իսրայելում երիտասարդ կնոջ ճակատագրին ուշադրությամբ հետևում են, և այս թեման տեղ է գտել ռուս-իսրայելական բանակցությունների օրակարգում։
Իսրայելական մի շարք լրատվամիջոցներ գրել են, թե Նաամա Իսարահին ազատ արձակելու հարցն արդեն կարգավորված է։ Իսրայելը համաձայնել է երիտասարդ կնոջ ազատության դիմաց Ռուսաստանի օգտին լուծել «Ալեքսանդրյան կեցավայր» պատմաճարտարապետական համալիրի խնդիրը։
Ալեքսանդրյան կեցավայրը Երուսաղեմի Հին քաղաքում է, այն նախկինում պատկանում էր Ռուսական կայսրությանը։