Կառավարությունը դեմ է իշխանական պատգամավորների հեղինակած նախագծին

Իշխող մեծամասնության պատգամավորներն առաջարկում են կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը բարձրացնել՝ 23 տարեկանից դարձնելով 26։

Գործող օրենսդրությամբ կերակրողին կորցնելու դեպքում ուսանողը աշխատանքային կենսաթոշակ և նպաստ ստանում է մինչև 23 տարին լրանալը։

«Պետական կենսաթոշակների մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին այս նախագծի համահեղինակ Հայկ Կոնջորյանը փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորում է 12-ամյա կրթությամբ. - «2009 թվականին Հայաստանում անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթության, 2004 թվականից Հայաստանում անցում է կատարվել երկաստիճան բարձրագույն կրթության համակարգի՝ բակալավր և մագիստրատուրա, որի արդյունքում նշված իրավունքից օգտվող ուսանողները ոչ թե 23 տարեկանում են ավարտում ընդհուպ նաև մագիստրատուրան, այլ ավարտում են ավելի ուշ»։

Իշխանական պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Նարեկ Զեյնալյանի այս նախագծին դեմ է կառավարությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հիմնավորեց, թե «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվում, և կրթական համակարգն էապես փոխվելու է. - «Վերանում է ուսման տարիք կոչվածը։ Մարդը հնարավորություն է ունենում նույն կուրսը ավարտել երեք տարվա ընթացքում, չորս տարվա ընթացքում, հինգ տարվա ընթացքում... Կառավարության համար այս պարագայում սկզբունքայինը ծախսը չէ, այլ արդյո՞ք այս կատեգորիան մտնում է մեր առաջնահերթությունների մեջ։ Որովհետև, այո, մենք կարող ենք քննարկել և իրար հետ որոշել, որ կա այլ խումբ, որ առաջնահերթ կարիք ունի լրացուցիչ աջակցության»։

Գործող օրենքով կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի և նպաստի նվազագույն չափը 26 հազար 500 դրամ է։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագծի վերաբերյալ առարկություն չուներ, բայց պահանջեց հաշվարկներ և առաջարկեց գործող չափը ավելացնել։

Սմբատ Սաիյանի հաշվարկով, եթե տարիքային շեմը 23-ից 26 դառնա, ապա ծախսը տարեկան կկազմի մոտ 60 միլիոն դրամ, ինչը, ըստ փոխնախարարի, թեև մեծ բեռ չէ, բայց ճիշտ է հատկացնել առաջնահերթ խնդիրների լուծմանը. - «Ընդամենը ծախսը առավելագույնը տարեկան կարող է լինել 60 միլիոն դրամ։ Արդյո՞ք այդ 60 միլիոն դրամը ավելի արդյունավետ այլ ոլորտում այլ կատեգորիայի խնդիրների լուծման համար չենք կարող օգտագործել»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը առարկություն ուներ։

Նախ նա դժգոհեց օրենքի թերի լինելուց. - «Նախագիծը ներկայացնել թվերով։ Ժողովուրդ ջան, սա հայոց լեզվի ու գրականության շարադրություն չի»։

Սերգեյ Բագրատյանի կարծիքով, 26-ամյա ուսանողը ի զորու է իր ապրուստը վաստակել, ընտանիք կազմել և նման աջակցության անհրաժեշտություն չունի. - «Ո՞նց կարելի է ծախսը չհամարել սկզբունքային։ Օրինակ, Ֆինանսների նախարարության համար սկզբունքային չէ՞ այս ծախսը։ Կամ մեր պետության համար։ Կամ մենք ահավոր ավելցուկ ունենք ունենք բյուջեի, պրոֆիցիտ ունենք, հիմա որոշել ենք... շաբաշնե՞ր ենք տալիս։ 26 տարեկան տղաները լուրջ մարդիկ են, ընտանիք ունեն։ Եթե սովորելու հետ եք կապում, լավ։ Ասենք, ես որ Կառավարման ակադեմիայում սովորում էի, 63 տարեկան մարդ կար մեր հետ, միգուցե նրա թոշակի մասի՞ն էլ դուք մտածեք»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից նախագծի վերաբերյալ առարկություններ ու առաջարկներ չեղան։ Քննարկումն այսօր ավարտվեց, նախագիծը քվեարկության կդրվի ավելի ուշ։