Անչափահաս աղջնակի հղիության գործով ձերբակալվել է նրա կենսաբանական հայրը

Ամիսներ առաջ հանրապետության մարզերից մեկում հղիացած 13-ամյա աղջկա կենսաբանական հայրը կասկածյալ է։ Նա երեկ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Մհերյանի տեղեկացմամբ՝ գենետիկական փորձաքննությունները ցույց են տվել՝ անչափահաս աղջկա նորածնի հայրը անչափահասի հայրն է:

«Որևէ անձի համընկնում չի հայտնաբերվել, միայն հայրիկի համընկնումն է եղել, այսինքն՝ մնացած բոլոր անձանց հայրությունը բացառվել է», - փոխանցեց Մհերյանը:

Ոստիկանությունը նախորդ տարվա ամռանն էր ահազանգ ստացել, որ բուժօգնության է դիմել 23 շաբաթական հղի՝ 13 տարեկան։ Աղջիկը «Ազատությանը» պատմում էր, որ բռնության է ենթարկվել դպրոցում համադասարանցիների կողմից, նույնը քննիչներին է ասել:

«Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն, և համաձայն փորձաքննության եզրակացությունների՝ նշված անձանց հայրությունը նորածին երեխայի նկատմամբ բացառվել է», - ասաց նա:

Քննիչ Մհերյանի խոսքով՝ ստուգել են նաև եղբոր վարկածը, որը հերքվել է, ապա տեղեկություններ են ստացել, որ բռնարարը կարող է հայրը լինել։ Անցկացվել են գենետիկական փորձաքննություններ, նորածնից էլ արյան նմուշ է վերցվել. - «Համընկնումներ են հայտնաբերվել, այսինքն՝ եղել են հայրության համար պարտադիր ալելները»:

Կրկնակի դատագենետիկական փորձաքննությունը հաստատել է՝ ալելային գեները համընկնում են, աղջկան հղիացրել է սեփական հայրը։ Նարեկ Մհերյանի տեղեկացմամբ՝ տղամարդը հաշվառված է մարզի բուժհաստատություններից մեկում՝ ախտորոշումը մտավոր հետամնացություն, օլիգոֆրենիա։

«Նշանակվելու է համապատասխան փորձաքննություն վերջինիս նկատմամբ՝ հասկանալու համար նրա մեղսունակության աստիճանը, այսինքն՝ վերջինս մեղսունակ է, թե անմեղսունակ: Համապատասխան բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն իրականացվելու են», - հայտնեց քննիչը:

Ընտանիքում ավագ երեխան՝ էլի հաշմանդամությամբ, հատուկ հաստատությունում է: Հաշմանդամություն ունի նաև հղիացած դեռահասը։ Նրա մայրը չի հավատում, որ ամուսինն է բռնության ենթարկել իրենց երեխային, ասում է՝ «թող աչքիս առաջ անալիզներ անեն»:

«Ես չգիտեմ, ես գժվեմ գը, ես չեմ պատկերացնում, ես ասում եմ՝ հենց հիմա թող էթան, իմ ամուսնուն տանին, նրանց էլ բերեն, էն երեխուց էլ, փոքր երեխուց էլ թող անալիզների պատասխանը գա, էլի թող գա իմ ամուսնուն, ես տնով-տեղով կեթամ, կնստիմ, վերջին վարյանտ ես տենց կանեմ, լիշբը ամեն ինչն իմ աչքի դեմը լինի», - ասում է նա:

Կինը պնդում է՝ ամուսինը հոգեկան խնդիրներ ունի, առիթից օգտվում են. - «Մանկուց մտավոր հետամնաց է անժամկետ, որ իրան թոշակով հանել են, կարգի թղթի մեջ տենց ա գրված, սկի բանակ էլ չի գնացել»:

Քննչական կոմիտեից պնդում են՝ ստուգվել են բոլոր հնարավոր տարբերակները, միակ գենետիկ համընկնումը հոր դեպքում է եղել։ Իսկ փոքրիկը, որ ծնվել է ամռան վերջին, տղա է, կրում է ծնունդն ընդունող բժշկի՝ Դավիթ Աբովյանի անունը։ Արդեն կես տարեկան երեխան դեռ մանկատանն է։ Ընտանիքում ասում են՝ տուն-տանիք, պայմաններ չունեն, մայրիկն էլ դպրոցական է: