Բեյրութում ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել խորհրդարանի մոտ հավաքված հարյուրավոր ցուցարարների դեմ, վերջիններս արձագանքել են քարեր ու շշեր նետելով, ոմանք փորձել են հաղթահարել խորհրդարանի պատնեշը՝ «Հեղափոխություն» վանկարկելով:
Արևմտյան աղբյուրների հաղորդմամբ՝ վիրավորվել է առնվազն 114 մարդ:
Դրանից մեկ օր առաջ՝ շաբաթ օրը տեղի ունեցած բախումների հետևանքով էլ վնասվածքներ էր ստացել շուրջ 350 ցուցարար:
Բողոքի ալիքը սկիզբ է առել անցած հոկտեմբերից՝ ցուցարարները պահանջում են վերացնել համատարած կոռուպցիան, ամենաթողությունն ու ստեղծել աշխատատեղեր:
Ակնկալվում է, որ երկրի նախագահն այսօր ուժայինների հետ հանդիպում կանցկացնի՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։