Բեյրութում բախումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Ոստիկանները արցունքաբեր գազ, ջրանետ մեքենա են օգտագործում, իսկ ցուցարարները զինված են ծառի ճյուղերով ու քարերով։

Գնաճի, կյանքի վատ պայմանների պատճառով անցած աշնանը տեղի ունեցած ակցիաները այս շաբաթ վերսկսվել են: Բանկերը սահմանափակել են խնայողություններից օգտվելու քաղաքացիների իրավունքները, որն ավելի է զայրացրել նրանց: Ցուցարարները դրամական բանկոմատներ են ջարդել:

Իրավապաշտպան խմբերի հաղորդմամբ՝ վերջին օրերին տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել՝ ոստիկանների բիրտ գործողությունների հետևանքով: Այսօրվա բախումները տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ: Քաղաքի կենտրոնում ցուցարարները երթ են անցկացրել:

«Եթե մարդիկ սոված են, նրանք կուտեն իրենց իշխանավորներին», - գրված էր ցուցարարների պաստառի վրա: