Այսօր Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ավարտին պատգամավորները միաձայն համատեղ հայտարարություն ընդունեցին, որով դատապարտեցին 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը:
Հայտարարության տեքստն ընթերցեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ և թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի և բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի ավելի քան քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում»։
Հայտարարության մեջ արձանագրվում է, որ հակառակ միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի, Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործունեությունները: խորհրդարանականները հայտարարում են Ադրբեջանում մինչ օրս շարունակվող պաշտոնական հայատյաց քաղաքականությունը:
«Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, հանդիսանալով իր հայրենիքում հայ ժողովրդի խաղաղ կենսագործունեության երաշխավորները, պահանջատեր են հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման և դրանց զոհերին և իրավահաջորդներին արդարացի հատուցում տրամադրելու համար», - հայտարարության մեկ հատված ընթերցեց Արարատ Միրզոյանը։
Խորհրդարանականները հայտարարում են, որ Ադրբեջանում մինչև օրս շարունակվում է պաշտոնական հայատյաց քաղաքականությունը։
Նիստի սկզբում ԱԺ նախագահը հայտարարեց, ինքը անհնար է համարում Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո: Նկատեց՝ Ադրբեջանի հայատյացությունը դրսևորվում է նաև 21-րդ դարում, և կարևոր է, որ միջազգային հանրությունը Բաքվում հայերի ջարդերին ճշգրիտ գնահատական տա։
«Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո։ Ըստ այդմ՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է», - նշեց Արարատ Միրզոյանը:
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարեց՝ Ադրբեջանը շարունակում է անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը:
«Հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի բնագավառներում։ Վերջին օրերին մենք ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմ դուրս գալ հայ երգչուհու հետ։ Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված և պետականորեն հովանավորվող այլատյաց քաղաքականության արդյունք», - ասաց Ղուլյանը։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում Ադրբեջանում հայատյացությունը որակեց պետության քաղաքականության մի մասը: Հիշեցրեց նաև 2016 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված վայրագությունների մասին:
«Հայասպանության որքան դեպքեր մենք ունենք՝ խրախուսման. Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին Գուրգեն Մարգարյանի սպանությունը, դաժան սպանությունը ակնհայտ օրինակ էր, ակնհայտ օրինակ էր նաև, երբ Պաշտպանության բանակի զինվոր Քյարամ Սլոյանը գլխատվեց», - ընդգծեց Թաթոյանը։