ՍԴ թնջուկի հանգուցալուծման տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններն են. ԱԺ նախագահ

Այսօր «Ազատության» խնդրանքով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին։

«Հեղափոխությունից հետո, ինչպես մինչև էդ նախկինում հանրության մեջ կա էդ խոսույթը, որ անհրաժեշտ է վերանայել, վերաիմաստավորել, գուցե վերահաստատել, գուցե փոփոխել Սահմանադրության բազմաթիվ կարգավորումներ։ Խոսում են նույնիսկ կարգավորումների տարբեր փոփոխությունից մինչև ընդհանրապես նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։ Հեղափոխությունից հետո մենք ասել ենք և հիմա վերահաստատում ենք, որ բաց ենք այդ քննարկումների առաջ, թող սկսվի հանձնաժողովը, թող սկսվեն քննարկումներ, մի հատ մենք որպես հանրույթ, չեմ ուզում ասել իշխանություն, ընդդիմություն, այս ֆրակցիան, այն ֆրակցիան, բոլորս որպես հանրույթ հասկանանք։ Չէ՞ որ Սահմանադրությունը էդ հիմնական փաստաթուղթն է՝ մենք որպես քաղաքացիները պայմանավորվում ենք՝ ինչպիսի կանոններով պետք է հետագայում միասին շարունակենք ապրել», - ասաց Միրզոյանը՝ շարունակով. «Իշխանությունը չունի իր առաջ դրած խնդիր՝ կոնկրետ փոխել այսինչ բանը կան այնինչ բանը։ Մենք ուզում ենք խոսել, հասկանալ և միասին հետո որոշել՝ ինչպիսին է լինելու»։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամը լուծելու հիմնական տարբերակը սահմանադրական փոփոխություններն են, ԱԺ նախագահն ասաց. «Ես ինքս բազմիցս ասել եմ, որ Սահմանադրական դատարանի թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը նաև սահմանադրական փոփոխություններն են: Բայց ես ուզում եմ նաև ընդգծել, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խոսակցությունների հիմքում որպես նպատակ չունեն հենց ՍԴ-ի հարցի լուծումը: Այսինքն՝ դա չի հիմնական նպատակը»:

2019 թվականի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին: