Վարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ողջունելով անվանի աստղաֆիզիկոսին՝ Փաշինյանը տպավորիչ է որակել նրա գիտական գործունեությունը և հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձով և կառավարության հետ համատեղ նախագծերի կյանքի կոչմամբ կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը:

Աստղաֆիզիկոս Իսրայելյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ ներգրավվել մեր երկրում գիտության մասսայականացմանը միտված համատեղ նախաձեռնություններում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում այս տարի նախատեսվող STARMUS 6-րդ փառատոնի շուրջ, որի նպատակը երաժշտության, արվեստի միջոցով երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնելն է: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել փառատոնի հավուր պատշաճի և բարձր մակարդակով անցկացմանը: