Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երրորդ նախագահի պաշտոնական կայքէջը։

Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ցավակցական ուղերձում երրորդ նախագահը նշել է. «Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային»:

«Խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը: Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Գեորգիի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա ընտանիքին: Գեորգի Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը, նկատի առնելով նաև պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի մեր հասարակության ակնդետ ուշադրության և հսկողության ներքո», - ասված է ուղերձում:

Հիշեցնենք՝ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Քննչական կոմիտեի Հատուկ կարևոր գերծերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։