«Ենթադրում եմ, որ անցյալի արձագանքն է». Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին

«Ցավոք սրտի, ենթադրում եմ, որ անցյալի արձագանքն է», - «Ազատության» հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը գնում, քանի որ իրարամերժ տեղեկություններ են տարածվում, ինքնասպանության, սպանության վարկածներ են քննարկվում։ Ապշած եմ անկեղծ ասած», - նշեց Սիմոնյանը։

«Ազատության» հարցին՝ ուժային կառույցների նախկին ղեկավարների այս տարօրինակ մահերն իր մոտ չե՞ն առաջացնում կարծիք, որ ազգային անվտանգության խնդիր կա, գուցե ինչ-որ քայլեր է պետք նախատեսել, Սիմոնյանը պատասխանեց. «Եկեք տեսնենք ինչն է եղել պատճառը և ընդհանրապես ինչ է տեղի ունեցել։ Մի բան փաստ է, որ սա բոլոր իմ գործընկերների համար անսպասելի մի իրավիճակ է»։

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ այս իրավիճակը պետք է շատ լուրջ վերլուծության ենթարկեն ու հասկանան՝ միգուցե այստեղ շղթա կա, զուգադիպություն է և ինչով է սա պայմանավորված։

«Ես իմ տարբերակն ասացի, ես անցյալի արձագանք եմ որակում», ասաց Սիմոնյանը՝ շարունակելով. «Տարբեր կարող ենք հասկանալ, սա էն մեղքերն են, որը մենք բոլորս երևի քավում ենք»։

«Ազատության» դիտարկմանն էլ, առաջիկայում հարցը խմբակցությունում քննարկվելո՞ւ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Խմբակցությունում չէ, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ ֆորմատով կքննարկենք»։

Հիշեցնենք՝ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։