«Արձանագրում էինք Երևանի խնդիրները». Մարությանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

«Արձանագրում էինք ինչ խնդիրներ կան և ուղղակի գծում էինք ճանապարհները դրանց լուծման», - վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք շատ հրատապ լուծում էին պահանջում, այս պահին քաղաքային իշխանությունները լուծել են կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք այս պահին արդեն լուծման ընթացքում են և նաև արձանագրեցինք, որ համատեղ կառավարության հետ միասին պետք է լուծենք այս խնդիրները։ Այսինքն՝ խնդիրներ կա, որ ՏԻՄ-ը, ՏԻՄ ասելով կոնկրետ մեր համայնքի մասին ասեմ՝ Երևան քաղաքը ինքնուրույն ի զորու չէ լուծել և այստեղ շատ կարևոր է կառավարության օգնությունը, որն այս պահին կա», - նշեց քաղաքապետը։

«Ազատության» հարցին՝ դժգոհությունները շատ են հատկապես շինթույլտվությունների դանդաղությունից, բյուրոկրատական քաշքշուկներից, քննարկե՞լ են վարչապետի հետ՝ ինչպե՞ս անել, որ գործարարներն այդ խնդիրներին չառնչվեն, Մարությանը պատասխանեց. «Քաղաքապետարանում բոլոր կազմակերպությունները իրար հետ վերցրած մոտ 30 հազար աշխատող կա, մի փոքր ավելի, և ոլորտները շատ-շատ են, բնականաբար 2 ժամվա մեջ չէինք կարող բոլոր ոլորտներին անդրադառնալ։ Ես ուզում եմ նաև շեշտել, որ այս պահին ոչ թե դանդաղել է նրա համար, որ դանդաղ ենք աշխատում, այլ դանդաղել է, որովհետև քանակն է մեծացել»։

Քաղաքապետը նշեց, որ աննախադեպ քանակությամբ դիմումներ ունեն շինթույլտվությունների համար, և շարունակեց. «Երբևիցե մարդիկ, ովքեր ունեին ինչ-որ հողակտոր, իրենց մտքով չէր անցնում, որ կարող են դիմել քաղաքապետարան և շինթույլտվություն ստանան շենքի համար՝ 4 հարկանի, 5, 10, 15, 20։ Այսօր բոլորը որոշել են, որ իրենք ուզում են կառուցապատումով զբաղվեն, և մենք էլ մեծ հաճույքով այդ որոշումը ողջունում ենք: Բայց, միևնույն ժամանակ, այս բոլոր դիմումների մշակումը ժամանակ է պահանջում, որովհետև մենք շատ կոնկրետ քաղաքականություն ունենք, որ այլևս ուղղակի շինթույլտվություններ չեն տրվելու՝ շինթույլտվությունները պետք է բոլոր նորմերին համապատասխանեն, պետք է համապատասխանեն ընդհանուր միջավայրին։ Եվ այս ամեն ինչը ճիշտ մշակելու համար, բնականաբար, ժամանակ է պետք։ Այսինքն՝ և՛ քանակն է շատացել, և՛ որակը»։