Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնողները պետք է սահմանված ժամկետում մաքսազերծեն ավտոմեքենաները

Պետական եկամուտների կոմիտեն ավտոմեքենայի ներկրման համար 2019 թվականին նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին:

Ըստ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության, որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019 թվականի դրույքաչափերը, մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:

«Այսինքն` պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին տեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաև ծանուցել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին», - ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020 թվականին ուժի մեջ մտած ԵԱՏՄ շրջանակում գործող դրույքաչափերը։