Ռուսաստանի Պետդուման մի քանի ժամվա ընթացքում հավանություն տվեց Միխայիլ Միշուստինի նշանակմանը երկրի վարչապետի պաշտոնում:
Վերջինս 53 տարեկան է, մինչ այդ՝ 2010 թվականից ղեկավարում էր Դաշնային հարկային ծառայությունը, ավելի վաղ զբաղվել է գործարարությամբ: Քաղաքական ակտիվ գործունեությամբ երբեք աչքի չի ընկել, անկուսակցական է:
Միխայիլ Միշուստինի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դմիտրի Մեդվեդևի կառավարության երեկվա անակնկալ հրաժարականից հետո:
Մինչ այդ Պուտինն ուղերձով դիմել էր Դաշնային խորհրդին ու հորդորել սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, որոնք, ըստ վերլուծաբանների, կարող են երկարաձգել նրա իշխանավարումը 2024 թվականից հետո, երբ կսպառվի նախագահության արդեն չորրորդ ժամկետը: