Կառավարությունը մտադիր է փոխել նպաստների տրամադրման սկզբունքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր հայեցակարգ, որի շուրջ երեկ կառավարությունում քննարկում էր կազմակերպվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դժգոհ է գործող համակարգից, որը, ըստ Փաշինյանի, աղքատության պահպանմանն է ուղղված: Վարչապետը դա նախկին իշխանությունների հետ է կապում. - «Կարող է հարց ծագել՝ իսկ ինչո՞ւ պետք է համակարգն ուզենա, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Դրա համար կա շատ կոնկրետ պատճառ՝ որպեսզի առաջիկա ընտրություններին աղքատը շատ հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ»։

Նոր կառավարությունը սկզբունքը փոխում է. ցանկանում են, որ համակարգն օգնի քաղաքացուն ոչ թե մնալ աղքատության մեջ, այլ հաղթահարել այն։

Այս պահին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հայեցակարգի մի քանի տարբերակներ են քննարկում։ Առաջարկվող տարբերակներից մեկով կդիտարկվի ոչ թե որքան են սպառում նպաստառու ընտանիքները, այլ թե որքան եկամուտ են ստանում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանում է. - «Սպառումը երբեմն կարող է ցույց տալ նաև չհիմնավորված սպառումը, երբ որ մարդը պարտքեր է վերցնում, նույն գյուղական վայրում պարտքերի տետրում կուտակվում է նրա անվան դիմաց պարտքը... Մենք սպառումը տեսնում ենք, բայց իրականում մարդը գուցե չունի այդ եկամուտը»։

Նոր փոփոխություններով առաջարկվում է հաշվի առնել նաև, թե ընտանիքում որքան աշխատունակ անձ կա ու չի աշխատում։ Եթե, օրինակ, նրանց թիվը շատ է, հավանականությունը մեծանում է, որ ընտանիքի չի համարվի նպաստառու:

Վարչապետն այսօր կառավարության նիստում նույնպես անդրադարձավ նախատեսվող փոփոխություններին. - «Սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն»:

«Մենք այդ մարդկանց պետք է օգնենք այլ կերպ՝ օգնենք աշխատանքի տեղավորելու, օգնենք այլ ծառայությունների միջոցով։ Եվ երկրորդ գործոնը, որ հաշվի ենք առնում, դա երեխաների գործոնն է։ Որ ինչքան ավելի շատ երեխաներ կան ընտանիքում, այնքան կմեծանա նպաստի չափը», - ասում է Անդրեասյանը։

Երկար տարիներ սոցիալական հարցերի, մասնավորապես աղքատության ուսումնասիրմամբ զբաղվող մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն ասում է, որ գործազրկությունը միայն աղքատության հիմնական գործոններից մեկն է, կան նաև այլ պատճառներ, օրինակ, կրթության, առողջապահական ծառայությունների հասանելիությունը. - «Գիտեմ դեպքեր, երբ երեխան ուզեցել է գնալ երաժշտական խմբակ և չի կարողացել։ Կամ ուզեցել է գնալ անգլերենի պարապմունքների և վճարի պատճառով չի կարողացել։ Եվ այս խնդիրը հատկապես սուղ է մարզերում»։

Աշխատանքի և սոցիալալական հարցերի նախկին նախարար, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը համոզված է, որ սոցիալական խնդիրներն լուծելու համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը վստահ է, որ քաղաքական կամքը կա, բայց վատատես է, թե նոր կառավարությունը կարող է ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնել. - «Շատ երկարաժամկետ աշխատանք կա անելու, և ես հուսով եմ, որ կառավարությունը դա ի վիճակի է դա անել։ Որովհետև մինչ այս հռչակած որևէ ռեֆորմ կա՛մ թղթի վրա է մնացել, կա՛մ նորից կացնային մեթոդով մոտեցում եմ ես տեսնում։ Օրինակ, առողջապահության ոլորտի բարեփուխումը առողջության հարկի ներմուծումով՝ առանց փոփոխելու բժշկական ծառայության որակը... ուղղակի անկարելի է խոսել»։

Հայաստանում, ըստ պետական վիճակագրության, աղքատ է 700 հազար մարդ։ Նրանք ամսական ծախսում են ամենաշատը 42 հազար դրամ։ Ծայրահեղ աղքատները 30 հազար են, նրանց ամսական ծախսը 24 հազար դրամ է։