Փաշինյան. Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան

«Այսօր Հայաստանում կան կոռուպցիոներների հեռուստաընկերություններ, և հայաստանյան լրատվամիջոցների իրական սեփականատերերի անունները պետք է հայտնի լինեն հանրությանը՝ կառավարության նիստում առավոտյան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով իր գլխավորած իշխանության դեմ տարվող տեղեկատվական պատերազմի մասին։

Վարչապետի խոսքով, անշուշտ, առաջին հերթին պետք է թափանցիկ գործի կառավարությունը, և միջազգային կազմակերպությունների գնհատմամբ՝ նախորդ մեկ ու կես տարում թափանցիկության բարձրացման առումով Հայաստանի կառավարությունը «ահռելի քայլեր» է կատարել, ինչն արժանացել է միջազգային հանրության հստակ գնահատանքին. - ««Միջազգային հանրությունն այսօր արդեն սա շատ հստակ գնահատում է: Հետևաբար մենք պետք է կատարենք նաև հաջորդ քայլը. մեր երկրում նաև հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ, այսօր Հայաստանի Հանրապետությունում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ: Նույնիսկ կասեի, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան: Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»:

Փաշինյանը չմանրամասնեց, թե որ հեռուստաընկերությունները նկատի ունի։

«Անկեղծ ասաց, մեր ժողովուրդը մեզ դրա համար շատ է մեղադրում, բայց ես առանձնապես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետև կարծում եմ՝ նախ այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների, մետաստազների։ Հետագայում, կարծում եմ, մեր օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի առումով բավականին հեշտացնում է», - շարունակեց վարչապետը։ - «Եվ երկրորդը՝ այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության և ժողովրդի դեմ տարվում է, առաջին հերթին կառավարության դեմ, մեզ օգնում է, որպեսզի մենք անընդհատ մեր աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնենք: Բայց մյուս կողմից ես առաջարկում եմ գնալ այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն հեռուստաընկերությունների վրա»:

Դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը պատրաստվում է առաջիկայում լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ ներդնել։ Նախարարն արձագանքեց, թե ներդրվելու է այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա տեղեկանալ ոչ միայն լրատվամիջոցների, այլև այլ ոլորտներում (օրինակ, հանքարդյունաբերական) ձեռնարկությունների իրական սեփականատերերի մասին։

Թեման, այսպես ասած, ծագեց կառավարության այսօրվա որոշումից հետո. 26 միլիոն դրամ հատկացնել Լոնդոնում ու Դուբայում գրասենյակներ ունեցող 3m3a ընկերությանը` աուդիտի ենթարկելու Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» կազմակերպությանը, այսինքն պարզել, թե որքանո՞վ են միջազգային չափանիշներին համապատասխանում «Ադմոսֆեր Արմենիա»-ի կողմից հայաստանյան թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրությունն ու հեռուստաչափումները։

Այսօր թեմային անդրադարձան նաև Ազգային ժողովում, ուր տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ լսումներ էին։

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն այսպես ներկայացրեց խնդիրը. - «Տարիներ շարունակ գովազդի շուկան կենտրոնացվել է և գովազդի բյուջեն կենտրոնացվել է մեկ ընկերությունում։ Հիմնական հատվածը գումարի կենտրոնացվել է մեկ ընկերությունում, որտեղից էլ բաշխվել է արդեն հեռուստաընկերություններին։ Որպեսզի մոդելը պատկերացնեք. փոխկապակցված ընկերություններ երբ որ լինում են, մեկը վարկանիշն է տալիս, մյուսը տալիս է գովազդի գումարը, և այստեղ կա նաև երրորդ կտորը, որը հեռարձակող ընկերությունն է, և շատ լուրջ կասկածներ կան, որ այս ընկերություններն իրար հետ փոխկապակցված են»։

Ըստ Մովսիսյանի, նման մեխանիզմի հետևանքով ոլորտը երկար տարիներ եղել է մոնոպոլիզացված. - «Գաղտնիք չէ նաև, որ ստեղծվել էր մի մեծ մեդիակայսրություն, որը ղեկավարվում էր երկրի թիվ մեկ փեսայի կողմից։ Այս անձնավորության գլխավորությամբ հեռուստատեսային դաշտի մոնոպոլիզացիան իրականացվել է ոլորտի հնարավոր բոլոր ճյուղերի զավթմամբ։ Տարբեր կապերով կապված ընկերությունների միջոցով իրենք էին չափում հեռուստատեսային վարկանիշը, իրենք էին տալիս գովազդի գումարը, ինչի շնորհիվ էլ, ըստ մասնագետների, սնուցվում էր այն հսկայական մեդիակայսրությունը, որի մնացորդները այսօր էլ կան դեռ։ Սա իրականում մեդիա համակարգ չէր, քանի որ որևէ զարգացած երկրում նման իրավիճակ չկա, երբ ցուցադրողը, ռեյտինգ չափողն ու գովազդի գումարը բաշխողը իրար հետ փոխկապակցված են»։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարեց, թե այսօր հայաստանյան լրատվամիջոցներից ամենից շատ ճնշման տակ գործում են հենց հեռուստաընկերությունները. - «Որովհետև մենք սահմանափակված ենք տարբեր օրենքներով՝ հեռուստատեսության մասին, գովազդի մասին, մեր գլխին է Հեռուստատեսության հանձնաժողովը, որ ամեն օր գրում է՝ սա կարող եք, սա չեք կարող, և այլ սահմանափակումներով, կաշկանդումներով, որը անհրաժեշտ է իհարկե, որովհետև հանրային տիրույթում ենք գործում»։