Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Միշուստինն աշխատանքային հանդիպման ժամանակ

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Վերջինս 53 տարեկան է, անկուսակցական, 2010-ից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը:

Մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը Միշուստինը զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը: Միշուստինի մասին տեղեկություններ ռուսական մամուլում շատ չեն: Ըստ Կրեմլի կայքի՝ վերջին անգամ նախագահ Պուտինը նրա հետ անցած տարվա նոյեմբերին էր հանդիպել՝ Հարկային ծառայության մասնագիտական օրվա կապակցությամբ:

Նախորդ կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական էր տվել ժամեր առաջ: Մինչ այդ նախագահ Պուտինը ուղերձով դիմել էր Դաշնային խորհրդին ու պնդել՝ անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, նախագահի լիազորությունների մի մասը փոխանցել խորհրդարանին, ստեղծել կառավարման նոր կառույցներ: