Հրայր Թովմասյանը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիո, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանն այսօր տեսակապի միջոցով զրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ:

Ըստ ՍԴ-ի տարածած հաղորդագրության, զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջիանի Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները:

Հիշեցնենք, 2019 թվականի հոկտեմբերի 29-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանդես է եկել Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարությամբ, որով կողմերին կոչ էր անում «զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն հանդես բերել՝ այս մտահոգիչ իրադրությունը թուլացնելու և Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը վերականգնելու համար»։

Դեկտեմբերի 26-ին էլ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը։

Ըստ օրենքի, եթե երկամսյա ժամկետում 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված Սահմանադրական դատարանի յոթ անդամները, նրանց թվում՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան աշխատավարձի ու հավելավճարների չափով կենսաթոշակ։