Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց կալանքից

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյան, արխիվ

Դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատախազության նախաձեռնության հրավիրված արտահերթ նիստում քննվեց ծանր հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետն այսօր դատարանում հայտարարեց, որ «ներկայումս Մանվել Գրիգորյանի մոտ արձանագրված վիճակը կյանքին սպառնացող վիճակ է»:

Նշենք, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել էին «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ:

Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Դեռ 2019-ի հոկտեմբերին հանձնաժողովը եզրակացրել էր, որ գեներալի առողջական վիճակը չի խոչընդոտում, որ ներկա լինի դատական նիստերին։ Ըստ եզրակացության, Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ Սակայն այսօր, ըստ փորձագետի, Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների վատթարացում է նկատվում, ինչն անհամատեղելի է կալանքի հետ։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն անազատության մեջ է ավելի քան 1.5 տարի։