Պուտինը սահմանադրական փոփոխություններ է առաջարկում

Ռուսաստան, նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձով է հանդես գալիս, Մոսկվա, 15 հունվարի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում ասել է, թե նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, սակայն գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ:

Նրա առաջարկները նախատեսում են արմատական փոփոխություն Ռուսաստանի պետական կառավարման համակարգում: Այդ փոփոխությունները, Պուտինի խոսքով, պետք է դրվեն համընդհանուր քվեարկության: Ըստ այդմ, Սահմանադրությունը պետք է ունենա առաջնահերթություն Ռուսաստանի իրավական տարածքում միջազգային իրավունքի նկատմամբ: Բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները պետք է չունենան օտարերկրյա քաղաքացիություն և այլ պետության բնակության թույլտվություն, նախագահի թեկնածուն պետք է առնվազն 25 տարի ապրի Ռուսաստանում և երբեք օտարերկրյա քաղաքացիություն չունենա, Սահմանադրությունից հանել այն կետը, որում ասված է, թե նույն անձը չի կարող ընտրվել նախագահ երկու ժամկետից ավելի «անընդմեջ»:

Սա այն կետն էր, որը թույլ էր տվել Պուտինին երրորդ անգամ նախագահ վերընտրվել 2012-ին։ Պուտինի առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանում այլևս չպետք է լինի 2 անգամից ավելի ընտրված նախագահ։ 2024-ին, հիշեցնենք, լրանում է Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, և Սահմանադրությունն արգելում է նրան նախագահ վերընտրվել հինգերորդ անգամ: Այսօր նա փաստորեն առաջարկել է Սահմանադրության մեջ ամրապնդել Պետական խորհրդի կարգավիճակը:
Բացի այս, Պուտինն առաջարկում է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները: Պետդուման պետք է հաստատի վարչապետի թեկնածությունը, այնուհետև, նրա առաջարկով, կառավարության անդամների: Նախագահից պահանջվելու է այդ անձանց նշանակել առաջարկված պաշտոնում:

Իրավապահ մարմինների ղեկավարները նշանակվելու են նախագահի կողմից Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո: Դաշնության խորհուրդը կստանա սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներին աշխատանքից ազատելու իրավունք:

Առաջիկա օրերին ռուսաստանցի փորձագետները կփորձեն հասկանալ, թե ինչ է ուզում անել Կրեմլը։ Քաղաքական մեկնաբան Կիրիլ Ռոգովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է, թե այս սխեման, որը մասամբ նման է չինականին, թույլ կտա Պուտինին ունենալ իրական վերահսկողություն անորոշ ժամանակով՝ միաժամանակ առաջադրելով միմյանց միջև մրցակցող հավանական իրավահաջորդների մի ամբողջ խումբ: Բայց վերջնական եզրակացությունները կարելի կլինի անել, երբ պարզ դառնան այս սխեմայի մանրամասները: