Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
«Գաղափարական տրանսֆորմացիան, որը մենք առաջադրում ենք, որ պետք է տեղի ունենա, հետևյալն է. մենք ուզում ենք, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում: Ես 2018 թվականին մի քանի անգամ տվել եմ գնահատական, կարող է հարց ծագել՝ իսկ ինչո՞ւ պետք է համակարգն ուզենա, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Դրա համար կա շատ կոնկրետ պատճառ՝ որպեսզի առաջիկա ընտրություններին աղքատը շատ հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ և գնալ ու քվեարկել այդ 5000 կամ 10000 դրամը տվող ձեզ հայտնի ուժերի և թեկնածուների օգտին: Հիմա մենք ինչո՞ւ ենք շահագրգռված, որ աղքատության մեջ հայտնված մարդը հաղթահարի աղքատությունը: Շատ պարզ պատճառով, որովհետև մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցելէ, որ վարչապետի որոշմամբ 2019թ. փետրվարին ստեղծված աշխատանքային խմբի կողմից մեկ տարում կատարվել են որոշակի աշխատանքներ, և մշակվել են առաջարկություններ, մասնավորապես, ֆինանսական աջակցության կարիքի գնահատման և տրամադրման սկզբունքների վերաբերյալ: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններն ավելի օբյեկտիվ, ինքնաշխատ և հասցեական կդարձնեն անապահովության գնահատման չափանիշները:
Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր համակարգը միտված է լինելու 4 սոցիալական կարիքի բավարարմանը՝ նյութական ապահովվություն, առողջապահություն, կրթություն և բնակարանային պայմաններ: Նոր հայեցակարգով առաջարկվում է գործող՝ սպառման կարիքի վրա հիմնված անապահովության գնահատումից անցում կատարել եկամտի վրա հիմնված կամ նվազագույն երաշխավորված եկամտի մեթոդով անապահովության գնահատման: