Թուրքիան այս տարի ամենայն հավանականությամբ Ռուսաստանից կգնի S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակ: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը` առանց հավելյալ մանրամասների:
Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամ Թուրքիան S-400 տեսակի համակարգեր գնելու գործարքը Ռուսաստանի հետ կնքել է 2017 թվականին՝ հարուցելով դաշնակիցների զայրույթը: 2.5 միլիարդ դոլար արժողությամբ համակարգերի մատակարարումն սկսվել է անցյալ տարվա ամռանը:
Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգները հայտարարել է, որ այդ գործարքի հետևանքով Թուրքիան զրկվում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության և շահագործման ծրագրին մասնակցելու հնարավորությունից: