Բելառուսը նավթի համար դիմել է մի շարք եվրոպական երկրների

Բելալռուս - Մոզիրի նավթավերամշակման գործարանը, հունվար, 2020թ.

Բելառուսը դիմել է մի շարք եվրոպական երկրների՝ նավթի հնարավոր մատակարարման խնդրանքով: Փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը հույս է հայտնել, որ առաջիկայում Մինսկը կունենա այլընտրանքային հնարավորություններ:

Բելառուսցի պաշտոնյայի խոսքով՝ դիտարկում են նաև Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի տարբերակները:

Նախօրեին Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ պատրաստ են և ունեն հնարավորություններ Բելառուսին նավթ մատակարարելու համար:

Հունվարի 1-ից Մոսկվան դադարեցրել է Բելառուսին նավթի մատակարարումները: Փաստացի, մատակարարումների մասին պայմանագիրը տարեսկզբին ավարտվել է, կողմերին, սակայն, դեռ չի հաջողվել համաձայնության գալ նորի պայմանների, հատկապես՝ գնի շուրջ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է իր երկրին նավթ վաճառել համաշխարհային գներից բարձր գներով, քանի որ կողմերի միջև նավթի գների հարցով պայմանավորվածություն չկա:

Օդում կախված է նաև Բելառուսին մատակարարվող ռուսական գազի հարցը, նախորդ պայմանագրի գործողության վերջին օրը՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, «Գազպրոմ»-ին ու Մինսկին հաջողվել էր միայն ժամանակավոր համաձայնագիր ստորագրել, որն ուժի մեջ կլինի ընդամենը երկու ամիս:

Բելառուսը պնդում է, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում՝ պահանջելով խորացնել ինտեգրացիան և միասնական պետություն ստեղծել։