Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հավանաբար կսկսի աշխատել փետրվարից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը

Իշխանական «Իմ քայլից» պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասում է՝ Հայաստանին պետք է ունենալ համաձայնության Սահմանադրություն. - «Սահմանադրություն, որը կընդունի ողջ հանրությունը՝ համ քաղաքական ուժերը, ընդհանրապես հանրությունը կընդունի»:

Վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող են աշխատել նաև միջազգային երկու փորձագետներ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը

Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով, հարցը դեռ չի քննարկել:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը


«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին: Թե ո՞վ կլինի նրանց ներկայացուցիչը, ըստ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, կորոշեն ապագայում: Ի՞նչն են ուզում փոխել, Մարուքյանի խոսքով՝ դեռ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ իրենց բարձրաձայնած խնդիրները պետք է լուծվեն: Հենց Մարուքյանն է պարբերաբար հայտարարում՝ սուպերվարչապետական համակարգը հեղափոխությունից հետո էլ, ըստ էության, պահպանվել է: Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ ընդդիմությունը պետք է ներկայացված լինի վերահսկող մարմիններում, այսօր շատ դեպքերում առաջադրման իրավունք ունեն, բայց դա պատրանքային է համարում, թեկնածուները չեն ընտրվում, ասում է՝ պետք է հստակ տեղեր սահմանվեն։

«Հիմա կա շանս այդ մոնոպոլ քաղաքական համակարգը վերափոխելու, դրա քաղաքական կամքն այսօրվա վարչապետը հայտարարել է, որ ունի, մենք էլ պատրաստ ենք նրա հետ լծվելու և այդ կամքը կյանքի կոչելու և ունենալու այնպիսի Սահմանադրություն, որ վաղը, մյուս օրը որևէ մեկի համար, որևէ ուժի համար խնդիր չլինի քաղաքական պրոցեսներում մասնակցության և խնդիր չդառնա, որ երկրում նորից հեղափոխության կարիք ու անհրաժեշտություն լինի», - ասաց նա:

Հարցին, թե Մարուքյանի կարծիքով՝ այս Սահմանադրությամբ միշտ հեղափոխության հնարավորություններ կա՞ն, նա պատասխանեց. - «Այո, այսօր կա էմոցիոնալ մակարդակում քաղաքական կամք, դեմոկրատիա և այլն, բայց ինստիտուտները չկան, այդ ինստիտուտներն այդպես էլ չեն ձևավորվի, կմնա էլի «բարի թագավորի» հույսին ամեն ինչ, և հետո եթե չի լինի «բարի թագավոր», ուրեմն կսպասեն մարդիկ «բարի թագավորին»:

Ընդդիմադիր պատգամավորը մեկ անգամ չի դժգոհել՝ ուժային կառույցները՝ ոստիկանությունը և ԱԱԾ-ն, ինչպես նախկին իշխանության օրոք, մնում են վարչապետի ենթակայության տակ, ուստի խորհրդարանին հաշվետու չեն: Մարուքյանն ասաց՝ բարձրացնելու են նաև այս հարցը։ Օրինակ, ասում է՝ եթե չեն համաձայնում դրանք նախարարություն դարձնել, կարելի է այլ ճանապարհով գնալ, ինչպես գլխավոր դատախազի դեպքում, այդ մարմինների ղեկավարները թող ընտրվեն ԱԺ-ի կողմից։

«Ես հույս ունեմ, որ մեզ չեն խաբել, ես հույս ունեմ, որ երբ ասվել է, որ սահմանադրական բարեփոխումներով այդ հարցերին կանդրադառնանք ու կլուծենք, դա նշանակում է՝ կլուծենք: Ես նաև չեմ ուզում ասել, որ երբ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասել է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, նա դրանից հետո ինչ-որ հետ է կանգնում իր մտքից, այսինքն՝ հիմա ասում է՝ լավ, այն ժամանակ այդպես եմ ասել, բայց կարող է նախարարություն չէ, եկեք ուրիշ բան մտածենք, դրան էլ ենք պատրաստ, բայց ընդհանրապես գաղափարից հետ կանգնել դա դառնալու է լուրջ խնդիր իշխանության համար»:

Իշխանական «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը վստահեցնում է՝ իրենց իշխանությունն ունի քաղաքական կամք ազատվելու սուպերվարչապետական համակարգից. - «ԱԱԾ-ի ներկայիս քննչական բլոկը, որ կա, որը զբաղվում էր կոռուպցիոն հանցագործություններով, այսինքն՝ ներքին կյանքի մեջ է ինքը մտնում, այս դեպքում խնդիր է առաջանում անընդհատ հանրային վերահսկողության, քաղաքական վերահսկողության: Եթե այդ բլոկը հանենք ԱԱԾ-ից, և ԱԱԾ-ն, օրինակ, մնա հետախուզություն, հակահետախուզություն, այս տիրույթում մնա, այլևս այդ բանավեճը միանգամից դադարում է»:

Վերջին անգամ Սահմանադրությունը փոխվել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2015-ին, ընդդիմադիրների պնդմամբ՝ նախագահական ժամկետի ավարտից հետո էլ նրա պաշտոնավարումը երկարաձգելու նպատակով: Հենց այդ փոփոխություններով Հայաստանը կիսանախագահական համակարգից անցավ կառավարման խորհրդարանական մոդելի:

«Իմ քայլում» դեռ չեն քննարկել թե՛ ներկայացուցչի, թե՛ փոփոխությունների՝ իրենց օրակարգի հարցը, բայց Հովակիմյանը կարծում է՝ Սահմանադրությունից պետք է հանել անձերին:

«Քանի որ նախկինում անձերով պայմանավորված է գրվել տեքստը, պետք է տեքստի մեջից հանել անձերին, այսինքն՝ այս ամենը պիտի արվի, բայց միևնույն ժամանակ, օրինակ, գլոբալ բանավեճը գնալու է, ես համոզված եմ, որ երբ հանձնաժողովը ձևավորվի, նախագահական, խորհրդարանական, թե կիսանախագահական, այսինքն՝ այս 3 կառավարման մոդելներից որով է Հայաստանը շարունակելու իր զարգացումը»:

Հարցին՝ այս իշխանությունը մտադի՞ր է փոխել կառավարման մոդելը, պատգամավորն արձագանքեց. - «Ցանկացած մոտեցում ունի իր դրական և բացասական կողմերը, այսինքն՝ դա պիտի դրվի նժարին, գնահատվի՝ Հայաստանի զարգացման այս փուլում որ ճանապարհն է ավելի նախընտրելի: Այդ քննարկումները տեղի չեն ունեցել»:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը

Որպեսզի հանձնաժողովը սկսի աշխատանքները, պետք է լինի վարչապետի ևս մեկ որոշում: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ աշխատանքները կմեկնարկեն փետրվարին, բայց թե երբ նախագիծը երբ պատրաստ կլինի, փոխնախարարը ձեռնպահ մնաց ժամկետներ նշել: Նախագծից առաջ, ասաց, նախ հայեցակարգ կմշակվի. - «Նախագիծ գոյություն չունի, նախագիծը կազմելը հենց հանձմաժողովի հիմնական խնդիրն է»:

Եթե հանձնաժողովը սկսի աշխատել, մշակի սահմանադրական փոփոխությունների նախագիծ, արդյոք դրանք պետք է դրվեն հանրաքվեի, թե ընդունվեն ԱԺ-ում. «Այսպես ասեմ՝ նայած թե որ հոդվածները կորոշեն փոխել, եթե օրինակ, գնան Ազգային ժողովի ընտրության կարգի փոփոխության, ապա դա հնարավոր կլինի միայն հանրաքվեի միջոցով»։