Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործով դատական նիստը հետաձգվեց

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպանի բացակայության պատճառով:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի հենց սկզբում հայտարարեց, որ դատական նիստից անմիջապես առաջ տեղեկանք են ստացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանից իր բացակայության մասին: Տեղեկանքում ասված է, որ դատարանի կողմից չի ապահովվում մրցակցության սկզբունքը, պաշտպանական կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում, խտրական վերաբերմունք է դրսևորվում դատավարության մասնակիցների նկատմամբ, և որ դատավորն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները:

«Փաստաբանների հասցեին «սպանված հարազատ ունենալու» սպառնալիքի վերաբերյալ դատարանի կողմից որևէ գործողություն չի իրականացվում, և պաշտպանների իրավական միջնորդությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու հնարավորությունը դատավարության որոշ մասնակիցներ օգտագործում են վիրավորանք հասցնելու համար, իսկ դատարանը կրկին որևէ միջոց չի ձեռնարկում սույն գործողությունները կանխելու համար, ինչի պատճառով պաշտպանության կողմը զրկվում է պաշտպանություն իրականացնելու իրական և ողջամիտ հնարավորությունից, ուստի Միհրան Պողոսյանը հայտնում է, որ չի ներկայանալու», - Պողոսյանի բացակայության մասին տեղեկանքն ընթերցեց դատավորը:

Փաստաբան Միհրան Պողոսյանն, ըստ էության, նկատի ունի անցած հինգշաբթի դատական նիստի ավարտին տուժողների և պաշտպանական կողմի միջև ծագած վեճը: Մասնավորապես, Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հոր՝ Էդիկ Հարությունյանի ելույթը պաշտպանական կողմը գնահատում է սպառնալիք իրենց հասցեին. - «Ուրեմն, թող հարգեն Մարտի 1-ը ու չփորձեն այլ կերպ, այլ երևույթներ պատկերացնել, թե չէ իրանք էլ կհայտնվեն մեր օրին»:

Փաստաբանները հորդորում էին հրապարակել, թե ինչ է ասվել, հրապարակել ձայնագրությունը:

«Եթե գտնում եք, որ սպառնալիք է հնչեցվել, խնդրում եմ հստակեցրեք, թե ինչ է», - ասաց Դանիբեկյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը մինչդեռ հայտարարեց՝ ուսումնասիրել է անցած շաբաթվա նիստում տեղի ունեցածը և գտնում է, որ պաշտպանների նկատմամբ սպառնալիք չի հնչել. - «Դատարանը որևէ հիմքեր չունի՝ արձանագրելու, որ պաշտպանության կողմի հասեցին թույլ է տրվել սպառնալիք, եթե պաշտպանության կողմը գտնում է, որ տուժողի իրավահաջորդի արտահայտությունը, որ իր բովանդակությամբ անորոշ է և վերացկան, պարունակում է սպառնալիք և քրեական օրենքով չթույլատրված արարքի հատկանիշ, պաշտպանության կողմն իրավասու է դիմել համապատասխան մարմիններին»:

Աննա Դանիբեկյանը նաև դիմեց ամբաստանյալ, 2008-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովին՝ կարո՞ղ է այսօր այլ պաշտպան հրավիրել դատարան: Պատասխանը բացասական էր: Նա հայտարարեց, որ իրեն ամբողջովին գոհացնում է, և ցանկություն չունի փաստաբանին փոխարինել:

Առանց փաստաբանի դատական նիստը շարունակվել չի կարող, հայտարարեց դատավորը և որոշում կայացրեց հետաձգել նիստը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը քննադատեց Խաչատուրովի պաշտպանի՝ դատարան չներկայանալու քայլը. - «Այն արարքը, որի մասին հայտարարություն պաշտպանական կողմն անում էր, մասնավոր մեղադրանքի հանցագործություն է ենթադրում, նույնիսկ եթե ընդունենք, որ այնպես էր, ինչպես մեկնաբանում էր պաշտպանության կողմը և կարող էր այդպիսի նախաձեռնություն ցուցաբերել, դա ընդամենն օգտագործվել է դատական նիստին չներկայանալու, սեփական դատավարական իրավունքներից ոչ պատշաճ, անբարեխղճորեն օգտվելու համար: Հետևաբար միջնորդում ենք պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել»:

Դատավոր Աննա Դանիբեկյանն ի պատասխան ասաց՝ չնայած որևէ հիմք չունի փաստաբան Միհրան Պողոսյանի արարքը հարգելի որակելու համար, բայց սանկցիա կիրառելու հարցի քննարկումը կիրականացնի նրա ներկայությամբ:

Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին հիշեցրեց՝ անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի ժամանակ դատախազները պատշաճ վարքագիծ չդրսևորեցին: Միևնույն ժամանակ, Ալումյանն անդրադարձավ տուժող կողմի հնչեցրած, իրենց բնորոշմամբ, սպառնալիքներին. - «Եթե դատարանը գտնում է, որ դատարանի նկատմամբ այսպիսի արտահայտություն հնչեր, դա նույնպես սպառնալիք չէր լինի, այդ ժամանակ միայն դատավորն իրավունք ունի հայտարարելու, որ դա սպառնալիք չէր, որովհետև դատարանը և դատախազն էլ ոչ մի դեպքում ավելի պաշտպանված չպիտի լինեն օրենքով, քան պաշտպանները»:

Դատական նիստի ավարտից հետո ամբաստանյալ Յուրի Խաչատուրովն ասաց՝ այլ պաշտպանի կարիք չունի: 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Սեյրան Օհանյանի կարծիքով՝ անցած շաբաթ դատարանում տուժող կողմի հնչեցրածը սպառնալիք է: «Ազատության» հարցին՝, իրենք ևս կհետևե՞ն խաչատուրովի փաստաբանի օրինակին, Օհանյան ասաց՝ նման որոշում չունեն:

Դատարան չներկայացած փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում տարածեց դատարան ուղարկած իր դիմումը:
Փաստաբանը գրում է, որ շարունակում է հանդիսանալ Յուրի Խաչատուրովի պաշտպանը և որ նիստին չներկայանալու որոշումը կայացրել է դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալու վերաբերյալ այս պահին որոշում չունի:

Դատարանին հղած իր դիմումում փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է, որ Խաչատուրովի պաշտպանությունը ստանձնելու առաջին օրվանից սկսած «հանդիպում է անհաղթահարելի խոչընդոտների, որոնց վերացման ուղղությամբ պետական պաշտոնատար անձինք, այդ թվում և դատարանը որևէ գործողություն չեն ձեռնարկում: Եվ ամեն անգամ դատարանի տարածքում սպառնալիքներ է ստանում միայն նրա համար, որ Խաչատուրովի պաշտպանն է: Անգամ ոստիկանների ներկայությունը չի զսպում այդ քաղաքացիներին սպառնալիքներ հնչեցնելու և խուլիգանական արարքներ կատարելու համար»:

«Նույն այս քաղաքացիները հայտնվում են նաև նիստերի դահլիճում՝ շարունակելով իրենց այդ վարքագիծը, ինչն ուղեկցվում է դատարանի քար լռությամբ, դատարանը չնկատելու է տալիս այդ քաղաքացիների վարքագիծը», - պնդում է Խաչատուրովի փաստաբանը: Ըստ Միհրան Պողոյանի՝ այս դատավարության հետ կապված իրադարձություններով հարուցվել է 4 քրեական գործ, որից 3-ն առնչվում են դատական նիստի հետ կապված տարբեր անձանց կողմից բռնություն գործադրելուն: Դատարանին ուղղված իր դիմումում փաստաբանը վկայակոչում է այն օրենքները, որոնք երաշխավորում են փաստաբանի անկախությունն ու պաշտպանությունը: Պողոսյանը, միևնույն ժամանակ, իր նամակում անդրադառնում է նաև կառավարության կողմից Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատկացված դրամական փոխհատուցմանը:

Ըստ փաստաբանի՝ իր բարձրացրած հարցերին դատարանի կողմից որևէ քայլ չձեռնարկելը, ինչպես նաև այս դրամական փոխհատուցումը, փաստաբանի ձևակերպմամբ, քաջալերում են նման վարքագիծը, և այն իր հանգուցալուծումը ստացավ անցած շաբաթվա նիստին, երբ Մարտի 1-ի զոհ Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, նման հայտարարություն հնչեցրեց:

Հաջորդ դատական նիստը հունվարի 21-ին է: