Իրանում ցուցարարները գերագույն առաջնորդի հրաժարականն են պահանջում

Իրանում պահանջում են պատժել ուկրաինական օդանավի կործանման մեղավորներին, Թեհրան, 12 հունվարի, 2020թ.

Երիտասարդ իրանցիների մեծ խմբեր բողոքի ակցիաներ են անցկացնում համալսարանների շենքերի մոտ և պահանջում են Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հրաժարականը:

Նրանց վրդովվեցրել է Իրանի հակաօդային պաշտպանության հաշվարկի կողմից ուկրաինական մարդատար «Բոինգը» վայր գցելու փաստը:

Հունվարի 8-ին Թեհրան - Կիև չվերթն իրականացնող օդանավի ոչնչացման արդյունքում զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 176 անմեղ մարդ:

Օրեր տևած հերքումներից հետո պաշտոնական Թեհրանը խոստովանել է, որ «տեղի է ունեցել ողբերգական սխալ, որի համար մեղավորները խստագույնս կպատժվեն»:

Ցուցարարները պահանջում են պատժել ոչ միայն հաշվարկի զինծառայողներին, այլև վերադասին:

«Կորչեք բոլորդ, կուշտ ենք Ալիից»,- վանկարկել են երիտասարդները՝ նկատի ունենալով երկրի գերագույն հոգևոր առաջնորդ և փաստացի թիվ մեկ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիին:

Որդեկորույս ծնողները միացել են ցույցերին. - «Մենք երկնքում մեր երեխաներին ենք կորցրել, հիմա ի՞նչ անենք, ո՞ւր գնանք», - այս մեղադրանքն են հնչեցնում ողբացող մայրերը:

Անցած շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Իրանի ղեկավարները խոստովանել են օդանավը սխալմամբ վայր գցելու համնգամանքը:

Զելենսյկին հայտարարել է, որ Իրանը պարտավոր է հատուցել սարսափելի կորուստը և պատժել մեղավորներին:

Օդանավի ոչնչացման հետևանքով զոհվել են Իրանի, Կանադայի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ:

Կանադայում կա իրանական բավական մեծ համայնք, այդ թվում երիտասարդ ուսանողներ ու գիտնականներ, և չարաբաստիկ PS752 չվերթի ուղևորներից շատերը ծագումով իրանցիներ էին, ովքեր Կիևում պետք է փոխեին օդանավն ու մեկնեին Կանադա:

Զոհրից 13-ը բնակվել են Ալբերթա նահանգի վարչական կենտրոն Էդմոնթոնում: Այստեղ դիմելով սգավորներին՝ վարչապետ Ջաստին Տրյուդոն հավաստիացրել է, որ Կանադան պահանջում է «Բոինգի» ոչնչացման արդար, թափանցիկ քննություն և պատիժ:

«Րոպեների ընթացքում մարեց 176 կյանք, բայց անհաշիվ տուժածներ՝ ծնողներ, զավակներ, ամուսիններ, բարեկամներ ամբողջ աշխարհում և Կանադայում շարունակելու են տառապել և պետք է փորձեն վերակառուցել իրենց կյանքն այս սարսափելի կորստից հետո: Դուք հիմա գուցե ձեզ աներևակայելի միայնակ եք զգում, բայց դուք մենակ չեք, ամբողջ երկիրը ձեզ հետ է: Այսօր, վաղը և գալիք տարիներին մենք միասին կկառուցենք այն ապագան, որի մասին նրանք բոլորը երազել են», - ասել է Ջաստին Տրյուդոն:

Պաշտոնական Իրանը հավաստիացնում է, որ սարսափելի պատահարի հանգամանքները թաքցնելու մտադրություն չկա:

«Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը, ամեն ինչ կարվի նման պատահարների կրկնությունը կանխելու համար», - խորհրդարանում երեկ հայտարարել է խոսնակ Ալի Լարիջանին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանից պահանջել է չհալածել ցուցարարներին և ուժ չկիրառել նրանց նկատմամբ: Թրամփն իր համերաշխությունն է հայտնել նրանց:

Թեհրանն այսօր պատասխանել է, թե իրանցիները Թրամփի այդ քայլը մերժում են, քանի որ չեն մոռացել, թե ով է սպանել գեներալ Սուլեյմանիին և ով է նախաձեռնել տնտեսական դժվարություններ առաջացրած պատժամիջոցները:

«Երբ Իրանի ժողովուրդը սգում էր, մենք տեսանք, թե ինչպես է Թրամփը կոկորդիլոսի արցունքներ թափում մեր ժողովրդի համար և պնդում, թե իբր Իրանի ժողովրդի կողքին է: Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես է մեր երկրի ամենասիրված գեներալին սպանելուց հետո նա սպառնացել ռմբահարել 52 մշակութային կենտրոնները: Իրանի ժողովրդի գլխավոր սոցիալական, տնտեսական, բժշկական խնդիրների ու պարենի պակասի պատճառն այդ անձի կողմից սահմանած անմարդկային պատժամիջոցներն են», - ասել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեին:

Մինչդեռ իրանցի երիտասարդների բողոքի ակցիաները շարունակվում են. այսօր ցույցեր են անցկացրել Թեհրանի Շարիֆի ճարտարագիտական և Ամիր Քաբիրի համալսարանների ուսանողները: