Խորվաթիան Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա հայտնել է նաև, որ Խորվաթիան 18-րդ երկիրն է, որ տեղեկացրել է, Շվեդիան, Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Խորվաթիայի խորհրդարանը միաձայն վավերացրել էր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը։
Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: