«Մինչև տարեվերջ 100 նոր ավտոբուսով կհամալրվի Երևանի երթուղային ցանցը». փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ցույց տալով ժամանակակից ավտոբուսների նվեր ստացած մանրակերտերի օրինակները՝ վստահեցնում է մինչև տարեվերջ այդօրինակ ավտոբուսներ, գուցե ավելի լավերը քաղաքացիները կտեսնեն նաև երևանյան փողոցներում։ Պատշաճ ուղևորափոխադրումն, ասում է, սարերի հետևում չէ, խոստանում է՝ մինչև տարեվերջ 100 նոր ավտոբուսով կհամալրեն տրանսպորտային ցանցը։

«Այս տարին նվիրված է լինելու տրանսպորտին որպես այդպիսին, և կարծում եմ, մենք այդտեղ նույնպես կունենանք հաջողություններ. 100 ավտոբուսի չափով կկարողանանք այս տարի ունենալ», - ասաց փոխքաղաքապետը։

Մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, շահագործումը կմեկնարկի հենց այս տարվանից։ Ավտոբուսների ձեռքբերման մրցույթը կհայտարարեն տարեսկզբին, գործընթացը կարող է ձգվել մինչև վեց ամիս։

«Մենք փետրվար ամսին էլ արդեն մրցույթ կարող է ունենանք, հայտարարենք, մինչև 6-րդ ամիսը արդեն ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարված կլինի։ Դա չի նշանակում, որ 6-րդ ամսին ենք մենք հայտարարելու, դա կարա և՛ փետրվարին լինի, կարա և՛ մարտին լինի», - նշեց Հրաչյա Սարգսյանը։

Տրանսպորտային նոր ցանցի ներդրումը նախատեսվում է ավարտել 2021 թվականին։ Պահանջվող 820 ավտոբուսից առնվազն 100-ն այս տարի կբերվի։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչը վստահեցնում է` 2021-ին ամբողջ խմբաքանակը կներկրվի։ Նոր ցանցը ենթադրում է հիմնարար փոփոխություններ՝ երթուղիների կանգառների, կայանատեղիների վերանայում։

«Շատ փողոցներ կունենանք, որ նախատեսված կլինի միայն ավտոբուսների համար, և այս ամենով մենք հանրային տրանսպորտի գերակայությունը պետք է ավելի բարձրացնենք։ 2021 թվականին կարծում եմ ամբողջությամբ այդ ավտոբուսների ներկրումը կավարտենք», - ասաց փոխքաղաքապետը։

Հրաչյա Սարգսյանը դժվարանում է ասել՝ ինչպիսի ավտոբուսներ կլինեն, տեսակը հայտնի կլինի մրցույթի արդյունքներն ամփոփելուց կամ առնվազն տեխնիկական բնութագիրը մրցույթում ներկայացնելուց հետո։

Զարգացած երկրների օրինակով Երևանում արժանապատիվ ուղևորափոխադրումն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է մոտ 120 միլիոն եվրո։ Հրաչյա Սարգսյանն ասում է՝ վարկային միջոցներ կլինեն, արդեն բանակցությունները սկսել են։

«Վարկային միջոցների հաշվին ձեռք կբերենք ավտոբուսներ նոր երթուղային ցանցի համար, մենք բանակցություններ ենք տանում Վերակառուցման և զարգացման բանկի հետ, արդեն ունենք համաձայնություն և նախատեսում ենք, որ ավտոբուսների ձեռքբերումը կիրականացնենք իրենց միջոցով», - ասաց Սարգսյանը։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ակնկալում է նոր ավտոբուսների ավելի մեծ խմբաքանակ։ Հարյուրն, ըստ նրա, քիչ է տրանսպորտային ճգնաժամը հաղթահարելու համար։

«Մենք գիտենք, որ այս տարի մի քանի հարյուր մեքենաներ՝ «Գազել»-ներ իրենց մաշվածության պատճառով գծերից դուրս են մնալու, և այս նոր ավտոբուսները, եթե խոսքը գնում է այդ 100 քանակի մասին, հազիվ կարողանան կոմպենսացնել եղած «Գազել»-ների դուրս մնալը, և արդյո՞ք սա կշտկի այդ առումով իրավիճակը», - ընդգծեց Խաժակյանը։

Հրաչյա Սարգսյանը, որն ի թիվս այլ ոլորտների համակարգում է նաև տրանսպորտի ոլորտը, վստահեցնում է՝ հուսահատության «Գազել»-ներից մայրաքաղաքը կազատագրեն խոստացված ժամկետներում։ Այսպես երևանյան միկրոավտոբուսները ժամանակին բնութագրել էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Ոչ բոլոր քաղաքացիներն են լավատես, որ տասնամյակներով չարչրկված խնդրի լուծումը կսկսվի այս տարվանից։

Քաղաքային իշխանության գլխավոր ընդդիմախոսին հուզում է նաև ուղեվարձի սակագնի հարցը։ Խաժակյանը դեմ չէ բարձրորակ ծառայությանը համարժեք սակագնի որոշակի թանկացման, բայց առաջարկում է մինչև տրանսպորտային ցանցի ներդրումը հանրային քննարկման դնել հարցը։

«Ավելի լավ ծառայության դիմաց, հարմարավետ ավտոբուսներով երթևեկելու դիմաց, ես համոզված եմ, որ մարդիկ պատրաստակամ են վճարել ավելի, բայց լավ կլինի, որ քաղաքապետարանը թափանցիկ գործի, և եթե պնդում են, որ ունեն ֆինանսական հաշվարկներ, նշանակում է՝ պետք է հրապարակեն այդ սակագինը, որովհետև ի վերջո մեր բնակիչները պետք է որոշեն՝ ինչ սակագնի համապատասխան, ինչ տրանսպորտով երթևեկեն», - ասաց Դավիթ Խաժակյանը։

Մինչև նոր երթուղային ցանցի ամբողջական ներդրումը ուղեվարձի սակագնի հարց քաղաքապետարանի օրակարգում չի լինի, ասում է Հրաչյա Սարգսյանը։ Եթե հավելյալ ծախսեր պահանջվեն, միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից։