«Իմ քայլը» դեռևս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի նոր թեկնածու չի առաջադրել

«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուի հրաժարականից ավելի քան մեկ ամիս անց խմբակցությունը նոր թեկնածու չի առաջադրել, չնայած դա օրենքի պահանջ է:

Խորհրդարանը նոյեմբերի 19-ին ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր հինգ անդամներին, որից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 26-ին, հանձնաժողովի նախագահի ընտրությունից հետո իշխող խմբակցության առաջադրած թեկնածուն հայտարարեց անդամի պաշտոնից իր հրաժարականի մասին։

Էդգար Շաթիրյանը պնդեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հեռանում է ոչ թե նրա համար, որ նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի առաջադրած թեկնածուն, այլ որովհետև հանձնաժողովի մյուս անդամներն իրեն վստահության քվե չտվեցին:

Արարատ Միրզոյանը Շաթիրյանի հեռանալու մասին դիմումը ստացել է նոյեմբերի 27-ին, այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ԱԺ Կանոնակարգ օրենքով, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնյան գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

Շաթիրյանը դիմումը հետ չի վերցրել, հետևաբար օրենքի պահանջով մեկ ամսվա ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պարտավոր էր առաջադրել նոր թեկնածու: Խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ կապ հաստատելու մեր փորձերն ապարդյուն էին, իսկ Ազգային ժողովն արդեն տևական ժամանակ է չունի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը պնդում է՝ հանձնաժողովի մեկ անդամի բացակայությունը չի ազդում իրենց բնականոն աշխատանքի վրա, փոխարենը խնդիրներ է առաջացնում հանձնաժողովի աշխատանքների համար համապատասխան տարածքի բացակայությունը: Այս մի խնդրի լուծումն էլ կառավարության լիազորությունների տիրույթում է:

«Այս պահին ոչ թե անդամի բացակայության խնդիրն է, որ աշխատանքների վրա ազդում է, այլ այն հանգամանքը, որ մինչև այս պահը հանձնաժողովն, ըստ էության, տարածք աշխատանքային գործունեության չունի, և դրանով պայմանավորված՝ չի կարողանում ձևավորել նաև այն աշխատակազմը, որն իրեն անհրաժեշտ է, որովհետև ֆիզիկական տեղակայման հնարավորությունը բացակայում է։ Դրա պատճառով որոշակի դժվարություններ ունենք», - ասաց Հարությունյանը։

Ներկայումս հանձնաժողովը տեղակայված է Ազգային անվտանգության խորհրդի շենքում: Տրամադրված տարածքն այնտեղ, սակայն, բավարար չէ ողջ աշխատակազմի՝ մինչև 35 հաստիք, ձևավորման համար: Իսկ առանց աշխատակազմի ձևավորման հանձնաժողովը չի կարող ողջ արդյունավետությամբ գործել:

Չնայած նման աշխատանքային պայմաններին, հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը պնդում է՝ իրենք շարունակում են հայտարարագրերի ուսումնասիրման ընթացիկ աշխատանքներն, ինչպես նաև ուշադրությամբ հետևում են կոռուպցիոն ռիսկերի մասին բարձրաձայնող հրապարակումներին:

Օրինակ՝ հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող հրապարակումներից մեկի դեպքով:

Նկատենք՝ նոյեմբերի 21-ին կառավարությունը հաստատեց արդարադատության նախարարի ներկայացրած մի նախագիծ, որով նոր լիազորություններ են տրվում նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Նախագիծը խորհրդարանում քննարկման դեռ չի դրվել: