Տավուշում վիրավորված զինվորի վիճակն այժմ բավարար է

Արխիվային լուսանկար

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական զինված ուժերի կրակից վիրավորված զինծառայող, շարքային Արթուր Արզումանյանի վիճակն այժմ բավարար է, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ դեպքը տեղի է ունեցել կեսօրին, զինվորին խոցել է դիպուկահար կրակը։ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ վիճակում է հայ - ադրբեջանական սահմանն այժմ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Կայուն համեմատաբար»։

ՀՀ ՊՆ խոսնակը հիշեցնում է, սա հայ - ադրբեջանական սահմանին այս տարի գրանցված առաջին դեպքը չէ։

Ըստ Պաշտպանության նախարարության, հունվարի 7-ին Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել էր ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշական կրակ էր բացել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին՝ Հայաստանի զինված ուժերը «խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը զոհ ունի»:

Լեռնային Ղարաբաղում շփման գոտում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը վերջին մեկ շաբաթում խախտել է 125 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց, հայտնում ԼՂ պաշտպանության նախարարությունը։

Այս տարի Զինված ուժերում մահվան երկու դեպք է արձանագրվել։ Պաշտոնական վարկածներով՝ մեկը հիվանդության հետևանքով է հեռացել կյանքից, մյուսն էլ ինքնասպան է եղել։

Երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հայտնեց՝ ողջ 2019-ի ընթացքում Հայաստանի Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում արձանագրվել է 49 մահվան դեպք, որոնցից 4-ը՝ ադրբեջանական կողմի կրակոցից։