ՀԲ. Առաջիկա երեք տարիներին Հարավային Կովկասում Հայաստանն ունենալու է ամենաբարձր տնտեսական աճը

Համաշխարհային բանկի գնահատմամբ, առաջիկա երեք տարիներին Հարավային Կովկասում Հայաստանն ունենալու է ամենաբարձր տնտեսական աճը։ Ընդ որում՝ եթե միջազգային հեղինակավոր այդ կազմակերպությունը Ադրբեջանի ու Վրաստանի պարագայում ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսում, քան նշել էր իր նախորդ՝ 2019 թվականի հունիսի զեկույցում, ապա Հայաստանի պարագայում բանկում գտնում են, որ տնտեսական աճը ավելի բարձր է լինելու՝ իրենց նախորդ կանխատեսման համեմատ։

Ըստ Համաշխարհային բանկի երեկ հրապարակված զեկույցի` Global Economic Prospects, 2019 թվականը Հայաստանը փակել է 6,9 տոկոս աճով, իսկ այս տարի կունենա՝ 5,1 տոկոս, 2021 թվականին ավելի բարձր՝ 5,2 տոկոս, նույնքան էլ 2022 թվականին։

Անցած տարվա հունիսին բանկը կանխատեսել էր, թե հայաստանյան տնտեսական աճը կլինի ավելի ցածր՝ 2019 թվականի համար 4,2 տոկոս աճ, իսկ 2020-ի համար՝ 4,9 տոկոս։

Վրաստանի պարագայում թվերը զիջում են։ 2019 թվականը մեր հյուսիսային հարևանը ամփոփել է 5,2 տոկոս աճով, 2020-ը կփակի 4,3 տոկոսով, 2021 թվականը՝ 4,5 տոկոսով, նույնքան էլ՝ 2022-ը։ Ընդ որում, բանկը կես տոկոսային կետով վատացրել է այս տարվա և 2021 թվականի վրաստանյան տնտեսական աճի ցուցանիշը։ Նախորդ զեկույցում նշված էր, որ այս տարի Վրաստանը կունենա 4,8 տոկոս աճ, իսկ 2021-ին՝ 5 տոկոս։

Ադրբեջանի թվերը էլ ավելի ցածր են։ Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2019 թվականը Բաքուն փակել է 2,5 տոկոս աճով, այսինքն՝ հայաստանյան տնտեսական աճից ավելի քան 2,7 անգամ ցածր թվով։ 2020-ին Ադրբեջանում կգրանցվի 2,3 տոկոս տնտեսական աճ, 2021-ին՝ 2,1 տոկոս, նույնքան էլ 2022 թվականին։ Ընդ որում, 2019 թվականի հունիսի զեկույցը ավելի բարձր թվեր էր կանխատեսել ադրբեջանական տնտեսության համար, սակայն աճը նվազեցվել է և՛ 2019-ի համար՝ 0,8 տոկոսային կետով, և՛ այս տարվա համար՝ 1,2 տոկոսային կետով, և՛ 2021 թվականի համար՝ 1,6 տոկոսային կետով։

Եթե ի մի բերենք, ըստ Համաշխարհային բանկի, 2018-2022 թվականներին՝ հինգ տարվա ընթացքում Հայաստանի միջին տարեկան տնտեսական աճը կկազմի 5,5 տոկոս, Վրաստանինը՝ 4,6 տոկոս, իսկ Ադրբեջանինը՝ 2 տոկոս կամ մոտ 2,7 անգամ պակաս հայաստանյան աճից։

Հայաստանի կառավարությունում վստահ են՝ 2019 թվականը փակել են առնվազն 7,5 տոկոս աճով։ Այդ մասին գործադիրի նախորդ տարվա վերջին նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մենք տարին կարծում ենք, որ պետք է ամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով, և մեր արտահանումը տարեկան կլինի առնվազն 10 տոկոս, հիմա արդեն կարող ենք ասել, որ էդ ցուցանիշները շատ իրատեսական են։ Եթե մի քանի ամիս առաջ մենք մտածում էինք, կանխատեսում էինք էդպիսի բարձր լավ ցուցանիշներ, ապա 11 ամիսների արդյունքները վկայում են, որ էդտեղ այլևս կասկածելու բան չկա՝ 2020 թվական ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով», - նշեց Խաչատրյանը։

Կառավարության այս տարվա առաջին նիստում՝ երեկ, տնտեսական աճին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր թիմի անդամներից պահանջելով լավացնել ցուցանիշը։

«Խնդիրը ձևակերպված է շատ հստակ, մենք նախորդ տարվա համար սպասում ենք բավականին բարձր տնտեսական աճ, և 2020 թվականին տնտեսական աճի մեր ցուցանիշը պետք է լինի ավելի լավը, քան 2019 թվականին», - ասաց Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախկին նախարար, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով, Փաշինյանի կառավարությունը որոշ փոքր, դրական ծրագրեր իրականացրել է, օրինակ, ճանապարհաշինությունը, սակայն տնտեսությունում բացասական հիմնական միտումները շարունակում են պահպանվել։

«Առայժմ կառավարությանը չի հաջողվել, որպես գործադիր բարձրագույն իշխանություն, մշակել և կենսագործել ինքնուրույն տնտեսական քաղաքականություն, հնարավորինս չկառչի այլ գործընթացների հետ, ինչպիսին միջազգային կազմակերպությունների ցուցումներն են։ Մյուսը տնտեսության կառուցվածքն է. այո, բարձր տեխնոլոգիաները պետք է մեր տնտեսության բոլոր ուղղություններում լինեն, ինքնին այս ոլորտը չի կարող ապահովել այն զարգացումը, այն թռիչքը, որի մասին խոսում են բոլորը՝ իշխանությունից սկսած ընդդիմությունով ավարտած, նույնիսկ անկախ փորձագետներ։ Որպեսզի դա լինի, անհրաժեշտ է, որպեսզի բարձր տեխնոլոգիաների գաղափարաբանությունը ներդրվի տնտեսության զարգացման բոլոր ուղղություններում։ Վերջապես երրորդ կարևոր խնդիրը, որ առայսօր, ցավոք, մեզ չի հաջողվել որպես երկիր լուծել, տարածաշրջանում մեր մրցակցային առավելության ակնհայտ իրագործումն է։ Խոսքը գնում է թե՛ որպես տարանցիկ երկիր լինելու և թե՛ Եվրասիական տնտեսական միության մի կողմից, մյուս կողմից եվրոպական ընտանիքի հետ համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելն է», - նշեց Մինասյանը։