Մասնագետի կարծիքով, «Դալմա գարդեն մոլ»-ում ցնցումների աղբյուրը օդափոխման համակարգն է

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյան

Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են ուսումնասիրել «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի տարածքը՝ պարզելու երեկ երեկոյան տեղի ունեցած տեղային ցնցման պատճառները։

Առայժմ մի քանի վարկած են շրջանառում մասնագետները. դրանցից ամենահավանականը, ըստ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պատոնակատար Սոս Մարգարյանի, առևտրի կենտրոնի օդափոխման համակարգի խափանումն է. - «Արդեն մաշվածություն ունի, ինչ-որ տեղ կարող է վիբրացիա առաջացնի, սովորական վիբրացիա է... Մեր հիմնական վարկածը դա է։ Որովհետև շենքը նորակառույց է, ոչ մի խնդիր չունի, նորմերով կառուցված»։

Իսկ երեկ նախարարության մասնագետները ցնցման հավանական վարկածների շարքում նաև արտաքին ազդեցությունն էին նշում, թե հնարավոր է, որ տեղային ցնցումը տարածքին մոտ ինչ-որ ինժեներական աշխատանքների կամ շինաշխատանքների հետևանք է։

Սոս Մարգարյանն այսօր քիչ հավանական է համարում այդ վարկածը. - «Եթե հարակից տարածքից է, հատկապես եթե մի փոքր հեռու է, պիտի շենքի տարբեր մասերում զգացվի։ Իսկ դա զգացվում է մի տեղ, ու շատ թույլ ամպլիտուդայով... Եթե դա լինի հարակից, դա դժվար չէ ստուգելը, բայց մենք չենք կարող հիմա նման բան եզրակացնել»։

Նախնական տեղեկությունների համաձայն, տեղային ցնцումը միայն առևտրի կենտրոնի երկրորդ հարկի մի հատվածում են նկատել։ Իսկ թե երբ է վերջին անգամ խափանվել կամ նորոգվել «Դալմա գարդեն մոլ»-ի օդափոխման համակարգը, առևտրի կենտրոնի ներկայացուցիչը տեղյակ չէ։

«Մենք նունպես հետևում ենք ստուգումների ավարտին, որպեսզի ինքներս վստահ լինենք, որ նույնիսկ եթե դա օդափոխությունից է, նույնիսկ եթե պատճառը ամորտիզացիան է օդափոխության համակարգի, մենք ժամանակին քայլեր ձեռնարկենք, այդ օդափոխության համակարգը նորոգենք», - ասաց «Դալմա գարդեն մոլ»-ի մարքեթինգի խորհրդատու Մագդա Մարկոսյանը։

«Դալմա գարդեն մոլ»-ում վստահ չեն, որ առևտրի կենտրոնի տարածքում տեղային ցնցումներ են եղել, ասում են՝ դա ևս վարկած է. հնարավոր է, որ պարզապես աննշան դղրդոց է եղել, ու դրան հետևել է մարդկանց խուճապը։

«Երբ մարդաշատ տեղերում նմանատիպ բան է տեղի ունենում, մեկը մի բան է ասում, ու դա տարածվում է, և տասներորդ մարդն ասում է, որ երկրաշարժ է եղել», - նշեց Մարկոսյանը։

Ցնցման մասին ահազանգը 911-ում երեկ երեկոյան 18-ն անց 40-ի սահմաններում էին ստացել ու մեկնել դեպքի վայր։ Փրկարարներն անվտանգության համար տարհանում էին իրականացրել։

Այսօր նույն նկատառումներով առևտրի կենտրոնը չէր գործում, կայանատեղին դատարկ էր, իսկ բանից անտեղյակ գնումների շտապող քաղաքացիները ստիպված էին հետ վերադառնալ: Ավելի ուշ պարզվեց, որ առևտրի կենտրոնը չի գործի մինչև հունվարի 14-ը։