Ցնցումներ «Դալմա Գարդեն մոլում», պատճառը դեռ պարզվում է. առևտրի կենտրոնն այսօր չի աշխատում

Հինգշաբթի երեկոյան տեղեկություն տարածվեց, թե «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ցնցումներ են եղել, ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) ժամը 18։40-ի սահմաններում էին ստացել ու անմիջապես դեպքի վայր ժամանել։ Մինչ փրկարարների ժամանումը, առևտրի կենտրոնից քաղաքացիները շտապել էին դուրս գալ։

«Ես ստեղի աշխատող եմ, մենեջերն ասեց՝ «դուրս էկեք, երկրաշարժ ա», էլ ոչ մի բան չգիտեմ», - «Ազատությանը» պատմեց մի կին։ «Ասեցին՝ դղրդոց ա էղել, ես ներսն էի, բան չլսեցի։ Ասեցին՝ «երկրաշարժ ա, դուրս էկեք, տարածքը ազատեք», էլ ոչ մի բան չգիտեմ», - հավելեց նա։

Ցնցման լուրը տարածվելուց հետո «Ազատությանը» արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ ցնցումներն ամենևին էլ կապված չեն եղել երկրաշարժի հետ. - «Մեր սեյսմիկ կայանները ոչ մի բան չեն գրանցել, և երկրաշարժի մասին տեղեկություն չկա։ Էնտեղ մարդկանց ասել էին, իբր թե էդպիսի բան է եղել»։

Առևտրի կենտրոնի տարածքում ծառայություն էին իրականացնում Ոստիկանության, ինչպես նաև շտապօգնության աշխատակիցները։ Ոստիկանները ժամանակ առ ժամանակ առևտրի կենտրոնին մոտեցող քաղաքացիներին հորդորում էին, որպեսզի հեռավորություն պահպանեն՝ անվտանգությունից ելնելով։ Իսկ հենց առևտրի կենտրոնում ժամեր շարունակ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ուսումնասիրություն էին իրականացնում՝ հասկանալու համար, թե ինչն է եղել ցնցման պատճառը։ Դեռ վարկածներ են միայն։

ԱԻՆ բնակչության պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյանը ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում ասաց. - «Վարկածներից մեկը՝ որ դա արտաքին ինչ-որ ինժեներական տեխնիկայի կամ որևիցե լուրջ շինարարական աշխատանքների հետևանքներ են, բայց ամեն դեպքում դեռ շուտ է։ <...> Մի 20-30 րոպե տևած էդ դողոցից, էդ շարժից հետո դա կտրուկ դադարել է, ներկա պահին ոչ մի շարժ, ոչ մի դողոց շենքում չկա, չի նկատվում»։

Իսկ թե երբ պարզ կլինի՝ ինչն է եղել տեղային ցնցման պատճառը, ԱԻՆ-ից առայժմ չեն հայտնում։ Հայտնի է միայն, որ ցնցումը նկատվել է երկրորդ հարկի խանութներից մեկում։

Առևտրի կենտրոնից էլ հայտնում են՝ չնայած առայժմ անհանգտանալու պատճառ չկա, սակայն անվտանգության համար իրենք այսօր չեն աշխատելու։