Տարածաշրջանում գրանցված երկրաշարժ չունենք, սա երկրաշարժ չէ, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ բնակչության պաշտպանության վարչություն պետ Տիգրան Գիդաչյանը՝ անդրադառնալով «Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանմանը:
«Այս պահի դրությամբ իրականացվում են ուսումնագործիքային ուսումնասիրություններ, դեռ շուտ է վերջնական պատասխանը տալու», - ասաց նա՝ հավելելով, որ ներսում վնասված հատվածներ չկան:
Ըստ նրա՝ ցնցում է եղել, իսկ ցնցման վարկածների մեկը արտաքին ինժեներական տեխնիկայի կիրառումը կամ որևէ լուրջ շինարարական աշխատանքներն են: Տիգրան Գիդաչյանին հայտնի չէ, թե արդյոք հարակից տարածքներում շինարարություն իրականացվում է, թե ոչ:
«Մոտ 20-30 րոպե տևած դողոցից, շարժից հետո դա կտրուկ դադարել է: Այն պահին հետո, որ դադարել են ցնցումները, այլևս չեն սկսվել: Նկատել են խանութի աշխատողները, որոշ աշխատողներ»,- ասաց ԱԻՆ պաշտոնյան:
Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ-ում ահազանգ է եղել առևտրի կենտրոնում ցնցումների մասին: Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հայտարարել է, որ որևէ հիմք չկա Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար:
Իսկ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ «Ազատությանը» ասել էր, որ ահազանգ է եղել, որ ցնցումներ են եղել, այդ իսկ պատճառով մարդկանց տարհանել են, սակայն երկրաշարժի մասին ահազանգը կեղծ է:
Առևտրի կենտրոնը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ վաղը չի աշխատում՝ ելնելով անվտանգությունից: