«Դալմա Գարդեն մոլը» այսօր տեղի ունեցած արտակարգ իրավիճակի ու հաճախորդների տարհանման առնչությամբ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում:
«Նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու», - ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հայտարարել էր, որ որևէ հիմք չկա Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար:
Իսկ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ «Ազատությանը» ասել էր, որ ահազանգ է եղել, որ ցնցումներ են եղել, այդ իսկ պատճառով մարդկանց տարհանել են, սակայն երկրաշարժի մասին ահազանգը կեղծ է: