Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, «911» ահազանգ է եղել «Դալմա Գարդեն մոլից», որ այնտեղ ինչ-որ ցնցումներ են իբր նկատվում, «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Մեր սեյսմիկ կայանները ոչ մի բան չեն գրանցել, և երկրաշարժի մասին տեղեկություն չկա: Մարդկանց ասել էին, թե իբր այդպիսի բան է եղել: Հիմա մեր աշխատակիցները գտնվում են տեղում: Ցնցումներ չկան այս պահին, բայց ցնցումներ որպես այդպիսին չեն էլ եղել, այլ ինչ-որ փոքր շարժ է նկատվել, ասենք պարֆյումերիայի որևէ տուփի շարժ է նկատվել խանութի մի շարքի վրա», - մանրամասնեց նախարարը:
Նա հայտնեց նաև, որ ԱԻՆ աշխատակիցները տեղում են, կուսումնասիրեն, կպարզեն, թե ինչի մասին է խոսքը. - «Ուղղակի մարդկանց տարհանել են, որպեսզի հանկարծ որևէ բան չլինի: Մերոնք են հիմա տեղում աշխատում: Որևէ բան չունենք, երկրաշարժ և այլն, կեղծ լուրեր են, անհանգստանալու խնդիր չկա»:
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ երկրաշարժի վտանգի ահազանգով «Դալմա Գարդեն մոլից» տարհանում է իրականացվում: