Անօթևանների կացարանում արձանագրած խախտումները ՄԻՊ գրասենյակն ուղարկելու է դատախազություն

Անօթևանների կացարանում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ իրենց կենսաթոշակը կացարանի աշխատակցին են տալիս, իրենց հանդեպ ուշադիր լինելու համար։ Անձնական հիգիենայի պարագաները բավարար չեն, լոգանքը պետք է 20 րոպեում ավարտվի, հակառակ դեպքում կամ տաք ջուրն են անջատում, կամ կացարանի բնակչին դուրս են անում բաղնիքից։ Կացարանում ժամկետանց սնունդ է գտնվել՝ կոնֆետ, ջեմ, մածուն, և չի գտնվել նախաճաշի համար նախատեսված թթվասերն ու կաթնաշոռը։

Այս ամենը հայտնաբերել ու արձանագրել են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ներկայացուցիչները անօթևանների կացարան կատարած այցի ժամանակ։ Գրասենյակից տեղեկացնում են, որ նյութերը կուղարկեն դատախազություն ՝ իրավական ընթացք տալու համար։

Իսկ անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը հերթով հերքում է բոլոր խախտումները, բացի ժամկետանց ջեմից. այն էլ, ասում է, մի քանի տուփ է եղել պահեստում, մոռացված. - «Մեր աշխատողները որևիցե մեկից թոշակ ոչ վերցնում են, ոչ էլ կա նման խնդիր։ Ես վստահ եմ»։

Խաչատրյանը բացառում է, որ կացարանում ապրող 100 անօթևանից որևէ մեկը իր թոշակն աշխատակցին տա։ Նա համոզում է բոլոր 25 աշխատողների փոխարեն։

Ապա ուղեկցում է պահեստ, որտեղ հայտնաբերվել էր ժամկետանց մթերքը. - «Նույնիսկ ամենատակինն ասեն են հանի, հանել ենք, ես եմ հանել։ Մի փոքր արկղ եղավ, չորս հատանոց, մեկ էլ նայեցինք ժամկետը... ես էլ զարմացա»։

ՄԻՊ գրասենյակից այս պահեստում նաև ժամկետանց «Լաստոչկա» կոնֆետ էին գտել։ Կացարանի տնօրենը կոնֆետի տուփը գտավ, սակայն ներսում ձկան պահածոներ էին։ Նա վստահեցնում է, որ այստեղ ապաստանած անտուններին հասանելիք սնունդը տրվում է։ Բյուջեն, ի դեպ, հոգում է նախաճաշն ու ընթրիքը, յուրաքանչյուր անօթևանի հաշվով՝ 760 դրամ օրական։ Բյուջեն չի հոգում հիգիենիկ պարագաները , այդ հոգսն իր վրա է վերցրել «Կոֆոեդ» բարեգործական կազմակերպությունը։ Կացարանի տնտեսուհի Շողիկ Մանուկյանը բացառում է, որ հիգիենայի հարցում անօթևանները դժգոհություն ունենան։

Մանուկյանը բացառում է նաև, որ լոգանքի համար հստակ ժամ ֆիքսած լինեն. - «Չկա տենց բան։ Հերքում եմ»։

Այնուամենայնիվ, երբ ուսումնասիրում ենք 100 անօթևանի լոգանքի գրաֆիկն ըստ սենյակների և հատկապես ժամային սահմանափակմամբ, պարզ է դառնում, որ 20 րոպեից ավելի լողանալը կարող է խցանում ստեղծել բաղնիքի դռան մոտ։

Կացարանի աշխատակազմը միաբերան պնդում է՝ հավանաբար ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները զրուցել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հետ, որոնք այստեղ քիչ չեն։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սա համարում է անընդունելի մոտեցում. - «Հատուկ սկզբունքով է իրականացվել մոնիտորինգը մասնագետների կողմից, այդ թվում՝ բժիշկների կողմից։ Եվ այն տեղեկությունները, որ մենք հրապարակել ենք, ունեն բավարար հավաստիություն, որպեսզի մենք ուղարկենք ստուգումների համապատասխան մարմիններին։ Եվ ուզում եմ հատուկ նշել, որ նրանց համար, ովքեր կփորձեն պիտակավորել շահառուներին, իբր թե հոգեկան խնդիրներ... և դրա տակ փորձեն թաքցնել խախտումները, դա շատ ավելի վատ հետևանքներ է ունենալու»։

Թաթոյանը շեշտում է, որ իրականացրել են լայնածավալ մոնիտորինգ, և արձանագրած խնդիրներն էլ տարիների վաղեմության են. - «Մեզ տեղեկություններ են փոխանցվել այն մասին, որ այն շահառուները, ովքեր ստանում են կենսաթոշակ, աշխատողներից մեկը վերցնում է մի մասը, իսկ մյուս մասը մնում է շահառուի մոտ։ Վերցնում է դա, որպեսզի, շահառուի պնդմամբ, իրեն լավ նայի»։

Անօթևանների հետ զրուցեցինք։ Սակայն ձմռանը դրսում մնալու տագնապը այնքան սուր է, որ դժվար էր հասկանալ անկեղծ են խոսում, թե ոչ։

Հասմիկ Բունիաթյանը, օրինակ, պնդեց, թե այստեղ ոչնչի կարիք չունեն, Արթուր Հովհաննիսյանը զայրացած էր ու փնտրում էր բողոքավորներին։

Սակայն սենյակում մի քանի ծածկոցների տակ կուչ եկած տիկինը այլ պատկեր ներկայացրեց. - «Լողանալը 20 րոպե ա։ Հարյուր հոգի մարդ ա, երկու հատ կամ իրեք հատ դուշով։ Ես շամպունս էլ առնում, ամեն ինչս էլ»։

Անօթևանների կացանաում հայտնաբերված խախտումների ու դրա իրավական ընթացքից անկախ՝ այս պահին մոտ 100 անտունների ճակատագիրը անորոշ է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մրցույթ էր հայտարարել այս ծառայությունը որևէ կազմակերպության պատվիրակելու համար։ Մրցույթի միակ մասնակիցը՝ Շավարշ Խաչատրյանը չի հաղթել, և այժմ երկրոդ մրցույթն է սպասվում։

Ով էլ ստանձնի անօթևաններին տանիքով ապահովելու ծառայությունը՝ «լյուքս» պայմաններ չեն սպասվելու. նախարարությունը ֆինանսավորում է միայն երկու անգամվա սնունդ և աշխատակիցների նվազագույն աշխատավարձը, իսկ կոմունալ վճարների, հիգիենայի հարցերի ու այլ ծախսերի մասով ապավինելու են բարեգործներին։