Վլադիմիր Կարապետյանի հեռացումը հակասական մեկնաբանությունների առիթ է տվել

Վլադիմիր Կարապետյանն այլևս վարչապետի մամուլի խոսնակը չէ․ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու՝ Փաշինյանի որոշումը թվագրված է երեկվա ամսաթվով, ինքը՝ Կարապետյանը դրա մասին այսօր առավոտյան տեղեկացրեց՝ ֆեյսբուքյան հետևյալ գրառումն անելով․ - «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով»։

Կարապետյանը գրառումը եզրափակել է շնորհակալությամբ։ Հեռացման պատճառների մասին՝ ոչ մի խոսք։ «Ազատության» հետ զրույցում էլ Վլադիմիր Կարապետյանը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններից:

Կառավարությունից ևս առատախոս չէին՝ ո՞ւմ նախաձեռնությամբ էր պաշտոնանկությունը՝ վարչապետի՞, արդյո՞ք դժգոհություններ ուներ, թե՞ ինքը Կարապետյանն է որոշել հեռանալ։ Ինչպես այս, այնպես էլ աշխատանքից ազատման պատճառների մասին հարցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ առանց մեկնաբանության։

Ո՞վ կփոխարինի Կարապետյանին մամուլի խոսնակի պաշտոնում: Խաչատրյանն ասաց՝ ինքը տեղեկություններ չունի, եթե լինի թեկնածու, կլինի նաև պաշտոնում նշանակման մասին վարչապետի համապատասխան որոշումը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը կարծում է՝ կարևոր է, որ պաշտոնանկությանը հետևի հիմնավորումը. - «Այսքան մասում եղել են հաջողություններ, այսքան հատվածում եղել են թերություններ, թերացումներ, բացթողումներ, և հրաժարականն էլ՝ պատճառաբանված, հիմնավորված, թե ինչու է եղել։ Որովհետև դա նաև պետք է որոշակի դաս լինի հաջորդ նշանակված պաշտոնյայի համար, ով պետք է հասկանա, թե որոնք են եղել թերությունները, որ պետք է բարելավել, որ ուղղությամբ ավելի շատ աշխատանք կա տանելու։ Այսպես որ, այս պրակտիկան, ես կարծում եմ, պետք է բացառվի՝ մեկնաբանություն չեմ տալիս և այլն»։

Վլադիմիր Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի երկրորդ խոսնակն էր։ Պաշտոնը զբաղեցնում էր անցած տարվա հունվարի 29-ից։ Նրա նախորդը՝ այժմ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը, մոտ կես տարի պաշտոնավարեց:

Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ էր, մինչև Փաշինյանի թիմում աշխատանք ստանալը զբաղեցրել է կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, 2006-2008 թվականներին՝ Վարդան Օսկանյանի արտգործնախարար աշխատած տարիներին, եղել է նախարարության մամուլի խոսնակը, այդ պաշտոնից ազատվել է 2008-ի փետրվարի վերջին՝ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մի խումբ դիվանագետների հայտարարությանը միանալու համար:

Կարապետյանի հեռացումը հակասական մեկնաբանությունների առիթ է տվել։ Կան և՛ թերությունները հիշատակողներ, և՛ կատարած աշխատանքը գնահատողներ:

«Սիվիլնեթի» քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը, օրինակ, Ֆեյսբուքում իր ափսոսանքն այսպես էր ձևակերպել՝ ԱՊԵՐԱԽՏ ՈՐՈՇՈՒՄ։ Նա Կարապետյանին «գործին նվիրյալ և ձեռագիր ունեցող մարդ» է համարում։ «Նիկոլի հետ աշխատեց՝ իր վրա վերցնելով շատ հարվածներ», - գրել է Հակոբյանը։

Իսկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Կարապետյանի աշխատանքին բավարար գնահատականը տվեց։ Անցած մեկ տարվա ընթացքում 20 հարցում են ուղարկել վարչապետի աշխատակազմ, ընդամենը երկու դեպքում են ստացել թերի կամ ուշացած պատասխան։

Չնայած այդ ամենին՝ Դոյդոյանը ընդգծում է․ - «Ֆորմալ առումով ապահովել են տեղեկատվություն ստանալու հարցումներին ընթացք տալու գործընթացը։ Սակայն, մյուս կողմից, ես գտնում եմ, որ դա այն նվազագույնն է, որ պետք է անի մամուլի խոսնակը, կամ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Պետք է մի քանի քայլ ավելի առաջ գնալ հատկապես այդ տարվա ընթացքում։ Հաջորդ մամուլի խոսնակը, ով էլ կլինի, պետք է իր առջև համար առաջին խնդիրը դնի պասիվ դիրքավորվելուց անցում կատարել ավելի պրոակտիվ եղանակով աշխատանքի, չսպասել, թե երբ հարցեր կտան լրատվամիջոցները կամ հասարակական կազմակերպությունները, այլև այս կամ այն կարևոր հանրային հետաքրքրության հարցերի շուրջ տեղեկատվություն հրապարակել սեփական նախաձեռնությամբ։ Ընդ որում, այդ տեղեկատվությունը չպետք է լինի հակիրճ, կցկտուր։ Խոսքը համապարփակ, ամբողջական պաշտոնական տեղեկատվությունը օր առաջ հասարակությանը հասցնելու մասին է»։